1199 դիտում
09:25 22-04-2020
Մամուլի ազատությունն աշխարհում. Հայաստանը 180 երկրների շարքում 61-րդն է․ «Ամերիկայի ձայն»
Մամուլի ազատությունն աշխարհում. 2020 թվականի զեկույցը, ըստ Լրագրողներ` առանց սահմանների կազմակերպության, կանխատեսում է, որ եկող տասնամյակը լինելու է լրագրության ապագայի համար որոշիչ, երբ նոր կորանավիրուսը լրացնում է աշխարհում առկա մյուս ճգնաժամերին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5384426.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Այսօր հստակ կապ է նկատվում մամուլի ազատությունը ճնշելու և կորոնավիրուսի դեմ իրագործվող գործողությունների միջև, երբ մի շարք երկրներում մեծ գրաքննության է ենթարկվում վիրուսի հետ կապված տեղեկատվությունը, երբ համաճարակի շուրջ պարզաբանումներ կատարելու համար իրենց երկրներից հեռացնում են միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների: Նույնիսկ Եվրոպայում, մասնավորապես Հունգարիայում ընդունվում է օրենք, ըստ որի մինչև հինգ տարվա ազատազրկման կարող են ենթարկվել կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ մեղադրվողները:
Մամուլի ազատությունը գնահատելիս` հաշվի է առնվում բազմակարծությունը, մամուլի անկախությունը, լրատվամիջոցներին տրված հնարավորությունները և ինքնագրաքննության աստիճանը, թափանցիկությունը և այն ենթակառույցների որակը, որով ապահովվում է նորությունների ու տեղեկատվության թողարկումը:
Ըստ մայրցամաքների, Եվրոպան շարունակում է համարվել ամեանմատչելի վայրը լրատվության ազատության հարցում, չնայած Եվրամիության անդամ որոշ երկրներում և Բալկաններում առկա ճնշումներին: Եվրոպային հետևում են Հյուսիսային, Կենտրոնական ու հարավամերիկյան երկրները:
Հայաստանում ԶԼՄ-ների բազմությունը, ըստ զեկույցի, մեծացել է, սակայն թավշյա հեղափոխությունից հետո կառավարությանը դեռևս չի հաջողվել նվազեցնել մամուլի բևեռացումը: Հեռուստատեսային ալիքների խմբագրական քաղաքականությունը համապատասխանում է դրանց սեփականատերերի շահերին: Լրագրողական անկախությունն ու մամուլի թափանցիկությունը դեռևս շատ հեռու են իրականություն լինելուց: Լրագրողներ` առանց սահմանների կազմակերպության ամենամյա զեկույցում նշվում է, որ Հայաստանում մտահոգիչ հանգամանք է ապատեղեկատվության դեմ պայքարում անվտանգության ծառայությունների մասնակցության փաստը: Սակայն հետաքննող լրագրությունը երկրում ծաղկում է ինտերնետում, որը մեծ դեր է կատարում կոռուպցիայի դեմ պայքարում:
Ազատությունների վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին ասում է, որ իր կարծիքով, Հայաստանի կառավարությունը շատ լավ աշխատանք է կատարել: «Եղել է թափանցիկ, հաղորդակցվել է հանրության հետ, ներկայացրել է իրավիճակը: Երբ սկզբում արտակարգ դրություն էր հայտարարվել, առկա էին մի շարք իրոք խիստ միջոցներ լրատվամիջոցների նկատմամբ, սակայն, կարծում եմ խրախուսելի է այն, որ եղել է երկխոսություն, եղել են քաղաքացիական հասարակության խմբեր: Ինձ համար ժողովրդավարության լավ, առողջ վիճակի վկայություն է, երբ կառավարությունն արձագանքում է հանրության մտահոգություններին»,- ասել է դեսպանը:
Հարևան Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևը «անկոտրում պատերազմ» է մղում ընդդեմ իր քննադատների, ասված է «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցում, որը նաև դատապարտում է անկախ լրագրողների ու բլոգերների բանտարկության փաստերը, լրագրողներ, որոնք հաճախ ենթարկվում են սպառնալիքների ու շանտաժի:
«Այստեղ արգելափակվել են անկախ գլխավոր լրատվամիջոցների կայքերը: Իսկ արտաքսյալ վիճակում գտնվող լրագրողներին լռեցնելու համար իշխանությունները սպառնալիքներով են հանդես գալիս նրանց ընտանիքների անդամաների դեմ: Այս երկրի իշխանությունները լրագրողների դեմ այս պայքարում անցնում են նույնիսկ իրենց երկրի սահմանները, լրագրողներին ձերբակալում Վրաստանում և Ուկրաինայում, դատական գործեր հարուցում ընդդեմ Ֆրանսիայում գործող լրագրողների»:
Վրաստանում մամուլը բազմակարծիք է, սակայն նաև` շատ բևեռացված: Վերջին տարիներին ընդունված բարեփոխումները դրական ազդեցություն գործել են թափանցիկության առումով, սակայն սեփականատերերը դեռևս իրենց վերջնական խոսքն ունեն բովանդակության առումով:
Ոստիկանական բռնություններն ընդդեմ լրագրողների դարձել են ավելի հազվադեպ, սակայն դրանք շարունակում են իրենց գոյությունը և զուգակցվում սպառնալիքների հետ: Այստեղ դեռևս չի ստացվել այն հարցի պատասխանը, թե ինչ հանգամանքներում 2017 թվականին առևանգվեց ու Ադրբեջանի իշխանություններին հանձնվեց ադրբեջանցի այլախոհ լրագրող Աֆգան Մուխթարլին:
Հայաստանի մյուս հարևան Իրանը համարվում է աշխարհում մամուլի նկատմամբ ամենախիստ ճնշամիջոցները կիրառող երկրների շարքում: Անցած քառասուն տարիների ընթացքում այստեղ ձերբակալվել է առնվազն 860 լրագրող, երկիր, որն ըստ զեկույցի, մեծ վերահսկողություն է սահմանել լրատվության բնագավառի վրա: Իրանում անկախ լրատվամիջոցների նկատմամբ ուժեղ ճնշումների արդյունքում աճել է սոցիալական լրատամիջոցներում անհատ լրագրողների թիվը, որոնք այստեղ են պայքար ծավալում հանուն անկախ տեղեկատվություն տարածելու:
2016 թվականի հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայում նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է «վհուկաորսը մամուլի ասպարեզում»,- ասված է «Մամուլի ազատությունն աշխարհում. ՜2020» զեկույցի մեջ, ըստ որի մամուլի բազմակարծությունից այստեղ գրեթե ոչինչ չի մնացել: Թուրքիան, ըստ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության, աշխարհում արհեստավարժ լրագրողներ ամենաշատը բանտարկող երկիրն է: Այստեղ մինչև դատավարությունը լրագրողներին կալանքի տակ մեկ տարի պահելու հանգամանքը սովորական երևույթ է դարձել, երկիր, որտեղ լրագրողների նկատմամբ կայացվում են երկարաժամկետ պատիժներ, նույնիսկ ցմահ ազատազրկման մասին դատավճիռներ: Այստեղ փակվել են մամլո տասնյակ գործակալություններ, իսկ առցանց գրաքննությունը հասել է աննախադեպ մակարդակի: Թուրքիայում իշխանությունները փորձում են վերահսկողության տակ առնել նաև առցանց տեսագրությունները:
Ռուսաստանում գործում են օրենքներ, որոնք արգելափակում են նույնիսկ ինտերնետը: Անկախ լրատվամիջոցներից շատերն իրենց վրա իրագործված ճնշումների արդյունքում հայտնվել են վերահսկողության տակ կամ` դադարել գոյություն ունենալուց:
Արտահաստիքային լրագրողներն այստեղ կանգնած են «օտար գործակալ» որակվելու վտանգի առջև, պիտակ, որը տրվել է Ռուսաստանում մի շարք լրատվամիջոցների ու մարդու իրավունքների պաշտպան ոչ կառավարական կազմակերպությունների: Իսկ Ղրիմից ու Չեչնիայից, որոնք համարվում են «սև անցքեր», միայն հասնում են կցկտուր լուրեր:
Լրագրողների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարները և սպանությունները շարունակվում են Ռուսաստանում ու հաճախ մնում անպատիժ:
Ըստ զեկույցի, չորրորդ տարին անընդմեջ 2020 թվականին Նորվեգիան շարունակում է գլխավորել մամուլի ազատության սանդղակում, որին նորից հետևում է Ֆինլանդիան: Դանիան երրորդ տեղում է, Շվեդիան` չորրորդ:
Ցանկի ամենավերջին տողը զբաղեցնում է Հյուսիսային Կորեան` հայտնվելով 180-րդ տեղում: Նրանից մեկ սանդղակով առաջ է Թուրքմենստանը, վերջից երրորդ տեղում` Էրիթրիան:
Նմանատիպ նյութեր
6280 դիտում
13:33 26-04-2018
Հայաստանը 180 երկրների շարքում 63-րդ տեղում է մամուլի ազատության ցուցանիշով. «Ամերիկայի ձայն»
1552 դիտում
19:23 10-12-2014
Հայաստանը 3-րդն է 151 երկրների շարքում. GMI. տեսանյութ
2422 դիտում
12:58 11-07-2017
ITU-ի կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս. Հայաստանը 111-րդն է 193 երկրների շարքում
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը