211652_close_icon
views-count3366 դիտում article-date 14:21 20-04-2020

Պետությունը փոխանցել է 486 հազար աբոնենտի սպառած գազի և էլեկտրաէներգիայի վճարների մի մասը

Պետությունը աջակցության միջոցառման շրջանակում արդեն փոխանցել է 486 հազար աբոնենտի սպառած էլեկտրաէներգիայի և գազի գումարների մի մասը: «[url=https://armenpress.am/arm/news/1012774.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Լրագրողը հիշեցրել էր, որ մինչև 30 հազար դրամ գազ սպառողների վճարները 30 տոկոսի չափով կփոխհատուցվեն, նա հետաքրքրվել էր, թե երբ է դա ուժի մեջ մտնելու, նշել էր՝ շատ սպառողներ կատարել են իրենց վճարումները և չեն նկատել փոփոխություն: «Արդեն կատարվել են նշված փոխանցումները: Շուրջ 486 հազար աբոնենտի փոխանցվել են հոսանքի և էլեկտրաէներգիայի վճարները: Եվ քաղաքացիները, շատ հնարավոր է, որ դրա մասին տեղեկացված չլինեն, որովհետև ծանուցում չենք անում: Նրանք դրա մասին կարող են իմանալ՝ տեսնելով իրենց հաշիվների քաղվածքները»,-ասաց Սարգսյանը: Կան մարդիկ, որոնք արդեն վճարել էին իրենց սպառած էլեկտրաէներգիայի և գազի համար: Այդ դեպքում աջակցության գումարը, որն արդեն նրանց անձնական հաշվիների վրա է, որպես կանխավճար կօգտագործվի հաջորդ ամիսների սպառման համար: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառման համաձայն՝ փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարները մասամբ կփոխհատուցվեն պետության կողմից: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝ բնական գազի սպառման գծով 10 001-30 000 դրամ, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5001-10000 դրամ։ Աջակցությունը տրամադրվում է 30 տոկոսի չափով։ Կառավարությունն ավելի վաղ հաստատել էր նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ 1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, 2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: 11-րդ միջոցառման շահառուներին աջակցություն կտրամադրվի 50 տոկոսի չափով։

Նմանատիպ նյութեր