211652_close_icon
views-count4753 դիտում article-date 15:28 19-04-2020

Հայ Եկեղեցու դեմ պայքար մղելու փորձն անընդունելի է. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն արձագանքել է վերջին օրերի իրադարձություններին. 168.am

[url=https://168.am/2020/04/19/1291330.html]168.am[/url] կայքն անդրադարձել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում օրերս ներկայացված ուղերձին, որը Վեհաձառ հայրապետը վերնագրել էր՝ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին կողմէ յորդոր ու գնահատանք մեր հոգևորականներուն»: Գրառման մեջ Արամ Առաջին կաթողիկոսը նշել էր. «Այսօր, առավել քան երբևէ Հայ Եկեղեցին ժողովրդի կողքին պետք է լինի՝ հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով և ժողովրդին ծառայելով։ Այս է հայ հոգևորականի կոչումը։ Դուք, սիրելի հոգևոր հայրեր, այս ոգով թրծվել եք Անթիլիասում ու ամենուր այս կոչմանը հարիր խոր գիտակցությամբ ծառայեք։ Համակ ուշադրությամբ հետևում ենք Ձեր հովվական աշխատանքին։ Ձեր ծառայությունն ու նվիրումը գնահատում են շատ բրձր։ Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը վարձահատույց լինի ձեզ։ Աղոթեք մեր ժողովրդի զավակներրի համար»։ Արամ Ա կաթողիկոսի այս գրառումը սոցիալական ցանցերում՝ ֆեյսբուքում, շատերը մեկնաբանեցին որպես աջակցություն ՀՀ իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և թիկունքից հարված Ն․Օ․Ս․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին, որի դեմ ՀՀ իշխանությունների և մերձիշխանական մի շարք ուժերի կողմից կրկին կոշտ արշավ է սկսվել: Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ հեղափոխությունից հետո սա երկրորդ արշավն է, որի առիթը հանդիսացավ այն, որ News.am-ի հետ զրույցում նա մտահոգություն էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության վերաբերյալ և նշել. «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»: 168.am-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսից գրավոր պարզաբանում էր խնդրել՝ ո՞ւմ էր ուղղված նրա գրառումը, ինչո՞ւ որոշեց նման գրառում կատարել, արդյո՞ք կապ կա վերջին դեպքերի, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի՝ News.am-ին տված հարցազրույցի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք․ Կճոյանին առաջադրված մեղադրանքի հետ։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տեղեկատվական գրասենյակի վարիչ Յովակիմ Վրդ. Բանճարճեանի կողմից կայքը ստացել է պատասխան-նամակը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Այս առավոտ, ստացա Ձեր e-mail-ը, որի համար շնորհակալ եմ: Կուզեմ կարևորությամբ Ձեր ուշադրությանը ներկայացնել հետևյալ երկու կետերը. 1) Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ստեղծված համաշխարհային տագնապի լույսի տակ, նման գրառումներ է կատարում ֆեյսբուքյան իր էջում: Այդ կերպ փոխանցելով իր հորդորները Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմերին, առաջնորդներին, ազգային իշխանություններին և հոգևորականներին՝ շեշտելով աղոթքի ու մարդասիրական ծառայության ճանապարհով մեր ժողովրդի հետ լինելու հրամայականը: Նորին Սրբության կատարած հորդորներից ու հիշեցումներից մեկն էլ Ձեր նշած մեջբերումն է: Հետևաբար, այն որևէ կերպ կապ չունի Հայաստանի ներսում ստեղծված այսօրվա կացության հետ: Վեհափառ Հայրապետի խոսքը և գործը միշտ հստակ է և չունի մեկնաբանության կարիք: Հետևաբար, Վեհափառ հոր մտքերը ճիշտ չէ քաղաքացկանացնել: 2) Վեհափառ Հայրապետն իր խոր մտահոգութունն է հայտնել Հայաստանում ստեղծված այս կացության վերաբերյալ: Ինչպես Նորին Սրբությունը հաճախ շեշտում է՝ մեզ համար եկեղեցին և ժողովուրդն անջատ չեն, այլ մեկ ամբողջութուն են և կապված ներքին անքակտելի կապերով, սերտորեն ընդելուզված: Որոշ շրջանակների կողմից, օգտագործելով որոշակի պահեր, ծրագրված պայքար մղելը Հայ Եկեղեցու դեմ, ինչպես մեզ համար, այնպես էլ վստահ եղեք, նաև մեր ժողովրդի համար, երբեք ընդունելի չէ։ Միանալով Հայաստանի Հանրապետության նախագահին, Վեհափառ հայրապետը կոչ է ուղղել՝ փոխադարձ հարգանքով ու հանդուրժողական ոգով, ինչպես նաև իրողություններն ու հանգամանքները նկատի ունենալով և երկխոսության ճանապարհով քննարկել մեր ազգի, եկեղեցու և հայրենիքի կողմից դիմակայվող խնդիրներն ու մարտահրավերենը: Անհրաժեշտ է, հատկապէս ներկա ճգնաժամային պայմաններում, համախմբվել մեր ընդհանրական ու գերագույն արժեքների ու ձգտումների շուրջ: Մեր հայրենիքին և Սփյուռքի համայնքներում անվտանգութուն առաջնահերթ է մտահոգում մեզ: Առաջիկա շաբաթ՝ ապրիլի 24-ի առիթով մեր ազգային պահանջատիրության նկատմամբ մեր հավաքական հանձնառությունը վերահաստատելը մեզ համար հրամայական է, որը շեշտել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետը: Թող Աստված անվտանգ ու ամուր պահի մեր ազգը, եկեղեցին ու հայրենիքը։ Լավագույն մաղթանքներով՝ Հովակիմ Վրդ. Բանճարճեան, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տեղեկատվական գրասենյակի վարիչ, Անթիլիաս 18 ապրիլի 2020»:

Նմանատիպ նյութեր