211652_close_icon
views-count4272 դիտում article-date 17:30 16-04-2020

Մենք երախտապարտ ենք մեր կինոյի մեծերին՝ Համո Բեկնազարյան մեծ ու փառավոր երևույթից սկսած. Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շնորհավորանքը Հայ կինոյի օրվա առթիվ

[b]Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շնորհավորանքը Հայ կինոյի օրվա առթիվ.[/b] Սիրելի գործընկերներ, հայ կինոյի սիրելի երկրպագուներ Այսօր առաջին անգամ Հայաստանում պետականորեն նշվում է Հայ կինոյի օրը: Երկար տարիներ հայ կինեմատոգրաֆիստները ցանկություն են ունեցել որպես տոն արձանագրել այն պատմական օրը, երբ հեռավոր 1923 թվականին, դժվարին իրավիճակում Հայաստանն, այնուամենայնիվ, ջանք գործադրեց ստեղծել հայ կինո՝ միանալու համար կինոարվեստի համաշխարհային զարգացումներին: Չնայած մեր ցանկություններին, միայն անցյալ տարի հնարավոր դարձավ ապրիլի 16-ը հռչակել որպես Հայ կինոյի օր, որի համար շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր գիտակցեցին հայ կինոն արժևորելու, հայ կինոյի նվիրյալներին մեծարելու, հայ կինոն հանրայնացնելու, հայ կինոն տոն դարձնելու այս կարևոր ուղերձը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ևս մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի կարողանանք ապրիլի 16-ը նշել որպես մեր ստեղծագործական տոն: Բազմաթիվ ծրագրեր, որ նախաձեռնել էինք իրականացնել այսօր, ցավոք հնարավոր չեն դառնա այս պահին՝ թելադրված տանը մնալու, առողջությունը պահպանելու հրամայականով, բայց դրանից չի խամրում Հայ կինոյի այս երկար սպասված տոնը, որովհետև կինոն ինքնին տոն է՝ մեծ, լուսավոր, անբացատրելի, հրաշալի տոն, որը միշտ մեզ հետ է: Մենք երախտապարտ ենք մեր կինոյի մեծերին՝ Համո Բեկնազարյան մեծ ու փառավոր երևույթից սկսած, որոնք համարձակություն ունեցան հայ ժողովրդին նվիրելու կինոյի մեծ տոն, ստեղծելու այն ֆիլմերը, որոնք թանկ ու նվիրական են մեզ համար, որոնք փոխանցվել են մեզ սերունդներով ու շարունակում են մեզ հայ պահելու իրենց առաքելությունը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների անունից մեր խոնարհումն ենք բերում մեր կինոյի բոլոր հրաշալի անուններին, մեր մեծարանքի խոսքն ենք ասում մեր բոլոր գործընկերներին, որ ապրում են կինոյով, բոլոր երիտասարդ ստեղծագործողներին, որ շարունակում են ստեղծել հայ կինո: Շնորհավոր մեր տոնը: Շնորհավոր հայ կինոյի տոնը: Մնացեք տանը: Առողջ եղեք: [b]ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅ ԿԻՆՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր