Քաղաքացիները պետք է հասկանան, որ իրավիճակը լուրջ է. վարչապետը՝ Նորաշեն համայնքը մեկուսացնելու մասին
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմեց Արարարտի մարզի Նորաշեն գյուղում տեղի ունեցած դեպքը:
«Մեկուսացման մեջ գտնվող ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, և դիմումի հիման վրա, ոստիկանության ու մասնագետի ուղեկցությամբ` անձը գնացել է թաղման արարաողության: Զգուշացվել է, որ պետք է կանոններ պահել, բայց հուզումնալից պահ է եղել, նրանք չեն պահել պայմաններն ու հարազատների հետ գրկախառնվել են: Երկու օր անց մեկուսացման մեջ գտվող անձի մոտ թեստը դրական է եղել, որի արդյունքում պարետատունը որոշում է կայացրել՝ Նորաշեն համայնքը մեկուսացնել»,- ասաց նա:
Վարչապետը ճիշտ համարեց, որ պարետատունը որոշել է հարազատին ուղեկցի հուղարկավորության և նշեց, որ պարզ է՝ ոստիկանությոնը չի կարողանա ամեն ինչ հսկողության տակ պահել: «Քաղաքացիներն իրենք պետք է հասկանան, որ այս իրավիճակը չափազանց լուրջ է: Հիմա վարակված հարազատներ, Աստված չանի մահվան ելքով… ընդհանրապես, հարաբերություններ են քանդվում, ընտանեկան, ազգակցական հարաբերություններ կան, որոնք անհատական պահվածքի հետևանքով փլուզվում են, պետք է շատ լուրջ վերաբերվենք»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսով վարակվածների մահվան միջին տարիքը 74,6 է և մենք պետք է հասկանանք, որ մեր գործողությունների պատճառով կարող են մերձավոր հազարատներ մահանալ ավագ տարիքի, որ սրա բարոյական հետևանքների մասին է պետք մտածել:
«Մեր ռազմավարությունն այն է, որ մենք վիրուսին զուգահեռ պետք է ապրենք, բայց որպեսզի աղետներ չբերենք մեր գլխին, անհրաժեշտ է, որ մեզանից յուրաքանչյուրն առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի իր վարքին: Առաջիկայում շատ կարևոր հիշատակի օրեր, տոներ ունենք, եթե գտնվենք էմոցիոնալ, կարող ենք աղետներ բերել մեր գլխին: Առաջիկայում ապրիլի 24-ն է, և ես չեմ կարծում, որ եթե այդ օրը մեր էմոցիոնալ արդյունքի պատճառով հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով ցեղասպանության մեր նահատակների հոգիներն ավելի հանգիստ կլինե՞ն»,-ասաց նա և նշեց, որ ճշգրիտ ու կարգապահ պետք է լինեն:
«Մենք ամեն օրվա հետ պետք է լուրջ վերաբերվենք, եթե ուզում ենք սահմանափակումները ոչ թե խստանան, այլ թուլանան, չնայած մյուս կողմից տարբերակ էլ չունենք, քանի որ չենք կարող տնտեսությունն ուղղակի փակել»,-ասաց նա և նշեց, որ մարդիկ հոգեբանական, տնտեսական, սոցիալական ճնշման ներքո են, և մենք պետք սովորենք ապրել կորոնավիրուսի պայմաններում:
«Մենք ամսի 20-ից պետք է հնարավորություն տանք տեքստիլ գործարաններին աշխատելու, բայց եթե գործատուները, աշխատողները առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, այս որոշումը աղետալի հետևանքների է բերելու: Նա նշեց, որ այդ ձեռնարկությունները հատուկ հսկողության տակ կլինեն, կստուգվեն, թե որքանով են պահպանվում կանոնները: Այս պահին պարետատունը, առողջապահության նախարարությունը կարողացել է համաճարակը առնել հսկողության տակ: Այս փուլից սկսած՝ յուրաքանչյուր քաղաքացի աջակցությունն է պետք, որ իրավիճակը նեգատիվ առումով չփոխվի»,- ասաց նա: