1128 դիտում
16:37 11-04-2020
Արտակարգ դրության ժամկետները երկարաձգելու ժամկետներ կան. Սա է մեր օրենսդրական ժառանգությունը. Մարուքյան
Արտակարգ դրության ժամկետները երկարաձգելու ժամկետներ կան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սիրելի' քաղաքացիներ,
Երեկ ժամանակ չունեցա արձագանքելու ֆեյսբուքյան իրավական մտքի ռահվիրաներին։ Բացված բուռն քննարկմանն իմ փոքր ներդրումն ունենամ՝ զուտ իրավական վերլուծությամբ այդ հարցի վերաբերյալ.
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի սահմանմամբ՝
1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչեւ նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:
Մեջբերված հոդվածի իմաստն արտակարգ դրության իրավական ռեժիմի տեւողության ժամկետների նախատեսումն է։ Հոդվածի 1-ին մասով հստակ սահմանվում են այն առավելագույն ժամկետները, որոնցից ավելի չի կարող շարունակվել արտակարգ դրության գործողությունը․ դրանք են 30 օր՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում եւ 60 օր՝ Հայաստանի Հանրապետության առանձին տարածքներում։
Ինչ վերաբերում է հոդվածի 2-րդ մասին, ապա այն բոլորովին չի հանդիսանում նախորդ մասում սահմանված կանոնից բացառություն։ Միգուցե շփոթության տեղիք կարող է տալ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը, այն է՝ «եթե մինչեւ նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով»։ Սակայն պետք է հաշվի առնել, որ «եթե մինչեւ նշված ժամկետների ավարտը» ձեւակերպումը չի վերաբերում հենց 30 եւ 60 օրվան, քանի որ ամենեւին պարտադիր չէ, որ արտակարգ դրությունը սահմանվի կոնկրետ այդ ժամկետներով, այլ կարող է սահմանվել օրինակ՝ 15, 20, 25 օրով։
Այսինքն, 2-րդ մասի կիրառության անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ արտակարգ դրություն է սահմանվել մինչեւ համապատասխանաբար 30 կամ 60 օր ժամկետով, եւ այդ ժամկետում արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել։
Նման իրավիճակների համար հոդվածի 2-րդ մասով հնարավորություն է տրվում արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական ժամկետը լրանալու դեպքում ոչ թե դադարեցնել արտակարգ դրության իրավական ռեժիմը, այլ երկարացնել դրա գործողության ժամկետը։ Սակայն երկարացվող ժամանակահատվածը չպետք է գերազանցի հոդվածի 1-ին մասում սահմանված՝ արտակարգ դրության գործողության առավելագույն ժամկետները։ Ասվածի մասին է վկայում նաեւ «սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով» ձեւակերպումը:
Դա չի նշանակում, որ ժամկետի երկարացումը կարող է կատարվել առավելագույնը 30 կամ 60 օրով, այլ կարող է երկարացվել այնքան, որ արտակարգ դրության գործողության ընդհանուր տեւողությունը չգերազանցի հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետները, այն է համապատասխանաբար 30 կամ 60 օրը:
Իսկ այն դեպքում, երբ առավելագույն ժամկետները լրանալուց հետո էլ չեն վերանում համապատասխան հիմքերը, ապա նման դեպքի համար անհրաժեշտ է առանձին կարգավորում, որը գործող օրենքում բացակայում է։
Ունենք այն, ինչ ունենք։ Սա է գործող օրենսդրական ժառանգությունը:
Հարգանքով`
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10280 դիտում
15:20 11-04-2020
Փաշինյանը ներկայացրել է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու նպատակը
Այս բաժնից
511 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
934 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ