211652_close_icon
views-count4055 դիտում article-date 17:25 10-04-2020

Հայաստանում արվել է ընդհանուր 6500 թեստավորում. օրական թեստերի թիվը կավելանա

Հայաստանում մինչև օրս կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման մոտ 6500 թեստավորում, այսօրվանից օրական կարվեն ավելի մեծ թվով թեստեր: [url=https://armenpress.am/arm/news/1011789.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մինչև օրս արվել է մոտ 6500 թեստ: Մենք արել ենք ուղիղ այնքան թեստ, որքան եղել է ցուցում՝ մեր կողմից մշակված, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից խորհուրդ տրվող չափանիշներով: Այդ չափանիշներն այսօրվանից ընդլայնվել են, և մենք ավելի շատ թեստեր կիրականացնենք՝ կապված նաև համաճարակաբանական վիճակով, այդ ամենը պայմանավորված է հիվանդացության տարածվածությամբ: Եվ ամենօրյա կատարվող թեստերի քանակը կավելանա: Մենք նպատակ ունենք դրանց թիվը հասցնել օրական 1000-ի»,-ասաց Թորոսյանը: Նա նշեց՝ PSR թեստերի պատասխանները չեն տրվում ավելի շուտ, քան 48 ժամը, իսկ Հայաստանում լինում են դեպքեր, երբ տրվում է օրինակ 10 ժամից, լինում են դեպքեր, երբ տրվում է 24 ժամից: «Երբեմն լինում է նաև թեստը կրկնելու կարիք: Պետք է նաև հաշվի առնել, որ մեր լաբորատորիայի աշխատակիցները վերջին մեկ ամսում աշխատել են 24-ժամյա ռեժիմով՝ գիշեր-ցերեկ: Եվ դա նույնպես կարող է մեծացնել սխալվելու հավանականությունը, ինչը մենք չենք կարող թույլ տալ: Ռեժիմի հարցեր էլ կան: Մենք փորձելու ենք գիշերն ընդհանրապես թեստեր չանել, որպեսզի չսխալվենք»,-ասաց նախարարը: Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

Նմանատիպ նյութեր