211652_close_icon
views-count6132 դիտում article-date 09:13 10-04-2020

Ճգնաժամային իրավիճակը հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Անշարժ գույքի շուկան չափազանց կարևոր հատված է, որը շատ զգայուն է տնտեսական բացասական ազդակների նկատմամբ։ Պետք է նկատի ունենալ, որ բացի հասարակության պահանջները բավարարելուց, անշարժ գույքը նաև տնտեսության մեջ հարստության հիմնական «ռեզերվներից» մեկն է։ Եվ պատահական չէ, որ բազմաթիվ երկրներում ընդհանուր անշարժ գույքի շուկայական արժեքը սովորաբար մեծապես գերազանցում է ֆինանսական շուկաների կապիտալիզացիային և երկիր հոսող ներդրումների ծավալին։ Հայաստանի պարագայում ևս անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումները չափազանց մեծ կարևորություն ունեն տնտեսական կայունության տեսանկյունից։ Այս ոլորտի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմում է շուրջ 20%, ինչը բավական մեծ ցուցանիշ է։ Եվ նախքան համավարակի տարածման արդյունքում արտակարգ դրության հայտարարումը, անշարժ գույքի շուկայում գները շարունակում էին բարձրանալ։ Այն հատկապես վերաբերում էր բնակարանների գներին։ Իսկ հիմա, երբ արտակարգ դրության պայմաններում դադարեցվել են դեպի Հայաստան տուրիստական հոսքերը, իսկ քաղաքացիների գնողունակությունն էլ ստեղծված պայմանների արդյունքում անկում է ապրելու, ապա այս ամենը բերելու է բնակարանների գների անկման և պահանջարկի նվազեցման։ Բացի դրանից, արտակարգ դրության ռեժիմում գնահատման գործակալությունները չեն աշխատում, որի հետևանքով կանգնած է գնման շուկան: Խնդիրների առաջ է կանգնելու նաև հիպոտեկային շուկան։ Ճիշտ է՝ բանկերը երկու-երեք ամիս հիպոտեկային վարկերի մարման գործընթացները հետաձգել են, սակայն սա չի նշանակում, թե վարկառուների բեռը թեթևանալու է, ընդհակառակը՝ հետաձգված ամիսների վարկային բեռը ներկայիս տնտեսական սուղ պայմաններում բաշխվելու է այլ ժամանակահատվածի վրա։ Մասնագետների գնահատմամբ՝ ներկայիս ճգնաժամային իրավիճակը խորը բացասական հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա, և անհրաժեշտ է, որ կառավարությունը ժամանակ չկորցնի և այնպիսի ծրագրեր մշակի, որոնք կխթանեն անշարժ գույքի շուկայի ակտիվացումը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր