211652_close_icon
views-count6901 դիտում article-date 16:53 06-04-2020

Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի նվազման միտում կա․ մարզպետ

Արարատի մարզում ընդհանուր առմամբ կա 173 կորոնավիրուսով վարակակիր, սակայն կա դեպքերի նվազման միտում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ «Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 173 վարակակիր, սակայն, ի ուրախություն բոլորիս, նշեմ, որ դեպքերի նվազման միտում կա․ երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել։ Եթե առաջիկա օրերին դինամիկան այսպիսին լինի, ապա կարող ենք ասել, որ վարակի տարածումը մեր մարզում չեզոքացվել է։ Սա բնավ չի նշանակում, որ կարող ենք արդեն լիովին հանգիստ լինել, տեղաշարժման սահմանափակումները շարունակվելու են խիստ ռեժիմով և, եթե մեզանից յուրաքանչյուրն իր քայլերում պատասխանատու լինի, ապա շատ արագ կհաղթահարենք վիրուսն ու քիչ-քիչ կանցնենք մեր բնականոն կյանքին»,- գրել է Սարգսյանը։ Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Թեստերից 4096-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ: Հայաստանում ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ գումարային բուժվածների թիվը հասել է 62-ի: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

Նմանատիպ նյութեր