211652_close_icon
views-count1362 դիտում article-date 15:29 31-03-2020

Գեղարքունիքի մարզում իրականացվում են անասնահամաճարակների կանխարգելման միջոցառումներ

Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում, մարտի երկրորդ տասնօրյակից սկսած, սկսվել եւ ընթանում են անասնահամաճարակների կանխարգելման միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզի գլխավոր համաճարակաբան Սարգիս Ավագյանը, մարտի 12-ից բրուցելյոզ հիվանդության հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով տնտեսություններում արյան նմուշառում է իրականացվում խոշոր եւ մանր եղջերավոր անասունների շրջանում: Մարտի 25-ից ձեռք են բերվել պատվաստանյութեր՝ մի շարք այլ միջոցառումներ իրականացնելու համար: «Սիբիրախտի, խշխշան պալարի, դաբաղի, պաստերելյոզի, խոզերի դասական ժանտախտի դեմ համապատասխան պատվաստանյութերը ձեռք են բերվել, պատվաստումները կսկսվեն առաջիկա օրերի ընթացքում: Մինչեւ անասնագլխաքանակի արոտ դուրս գալը պատվաստումներն ամբողջ ծավալով ավարտված կլինեն: Այժմ ընթանում է նաեւ ծնի շրջանը: Համենայնդեպս, այս պահի դրությամբ մենք տնտեսություններից համաճարակներով պայմանավորված անկումների կամ վիժումների մասին ահազանգեր չենք ստացել: Ոչխարի ծինն ավարտված է մոտ 90, խոշորի ծինը՝ մոտ 50 տոկոսով»,-ընդգծեց Սարգիս Ավագյանը:

Նմանատիպ նյութեր