211652_close_icon
views-count4206 դիտում article-date 11:52 28-03-2020

Դատախազությունը դիմել է դատարան՝ վիճարկելով Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի 12 տարի առաջվա որոշումները. armtimes.com

ՀՀ դատախազությունը դատի է տվել կառավարությանը՝ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի՝ 2008 թվականին կայացրած 2 որոշումները վերացնելու պահանջով։ Հայցը Վարչական դատարան է ներկայացվել մարտի 25-ին և մակագրվել դատավոր Արծրուն Միրզոյանին, հայտնում է [url=https://armtimes.com/hy/article/184110?fbclid=IwAR1oyowk2BIeg31QVSYva7PjNTaxJFj251VQ00UeGvRjxv35OdcNz0TUUxQ]Armtimes.com[/url]-ը։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Աղավնի Մադոյանը, որն այս գործով դատախազության ներկայացուցիչն է, ՀԺ-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է Երեւանի քաղաքապետարանի փոխարեն հայցը ներկայացվել ՀՀ կառավարության դեմ: Նրա խոսքով՝ 2008 թվականին Երևանը դեռևս մարզի կարգավիճակ ուներ, և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ Երևանի ներկայիս քաղաքապետն իրավահաջորդ չի հանդիսանում. «Իրավահաջորդ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս կառավարության»։ Նրա խոսքով՝ 2008 թվականին Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, մասնավորապես այդ ժամանակ գործող քաղաքապետ՝ Երվանդ Զախարյանի եւ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքը իբրեւ վերաճշտվել է, որի արդյունքում զբոսայգու մաս կազմող 10 հազար քառակուսի մետր հողատարածքը դուրս է թողնվել գլխավոր հատակագծից. «հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակման տակ գտնվող հողամասը փաստացի դուրս է եկել սահմանափակումից՝ դառնալով օտարման ենթակա։ Հաշվի առնելով այն, որ այդ ամենը կատարվել է քաղաքապետի կողմից կայացված վարչական ակտի հիման վրա, ուստի անհրաժեշտություն է առաջացել հանրային իրավահարաբերության տիրույթում վիճարկել վարչական ակտը»։ Երկրորդ որոշումը, որը վիճարկում են՝ «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասն օտարելու մասին» թիվ 1619-Ա որոշումն է, որի հետ մեկտեղ ներկայացվել են ածանցյալ այլ պահանջներ: Մանրամասները՝ [url=https://armtimes.com/hy/article/184110?fbclid=IwAR1oyowk2BIeg31QVSYva7PjNTaxJFj251VQ00UeGvRjxv35OdcNz0TUUxQ]սկզբնաղբյուրում[/url]։

Նմանատիպ նյութեր