211652_close_icon
views-count4382 դիտում article-date 23:57 18-03-2020

Արտակարգ դրությունը չպետք է մահակ դառնա․ լրատվամիջոցները մտահոգված են զգուշացումներից. Factor.am

[url=https://factor.am/231487.html?fbclid=IwAR1m31kFQGTnqsppvX8S544LyzDpnT3bhG4JPiXD2wtpmKNlX1soeDGuI6E]Factor.am[/url]-ը գրում է. Հայաստանում հայտարարված արտակարգ դրության երկրորդ օրն է, ու արդեն լրատվամիջոցները քաղում են դրա պտուղները, ինչպես և սպասելի էր՝ դառը։ Ոստիկանությունը պահանջ է ներկայացրել «Հրապարակ» և «Առավոտ» լրատվամիջոցներին՝ հեռացնել իրենց գնահատմամբ խուճապ առաջացնող հրապարակումները։ Իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը վերահաս տուգանքի վտանգն աչքի առաջ ունենալով՝ կանխարգելիչ քայլերի է գնացել՝ եթերացանցից հեռացվել են քաղաքական հաղորդումներ։ Ինչպես հայտնի է, «Արտակարգ դրության մասին» կառավարության որոշումով կորոնավիրուսի թեմայով հրապարակումները պետք է չհակասեն պաշտոնական տեղեկատվությանը ու հնարավորինս վերարտադրեն այն։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ լրատվամիջոցը պատրաստվում է տեղեկություն հրապարակել օրինակ՝ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի կամ հիվանդների առողջության մասին։ Բացի այդ, հրապարակումը պետք է չլինի խուճապ առաջացնող։ Արգելքը «հատած» լրատվամիջոցին սպառնում է տուգանք՝ 500-ից 800 հազար դրամի չափով։ Արտակարգ դրության հետ եկած սահմանափակումները տարակուսանք, երբեմն՝ զայրույթ են առաջ բերել լրագրողական համայնքում։ «Երկիր մեդիայի» լրատվական – քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը շեշտում է՝ սահմանափակումներն ու արգելքները պարզ, հստակ չեն։ Լիցենզիայից զրկվելու հեռանկարը ստիպել է ցանցից հեռացնել քաղաքական հաղորդումներ։ Երեկ խմբագիրներն ու պաշտոնյաները հանդիպել են կառավարությունում, և ըստ Մանուկյանի, պարզ է դարձել, որ հեռուստաընկերությունները պետք է տան միայն պաշտոնական լրահոս, ընդ որում՝ պաշտոնական տեսակետից չշեղվելու պահանջը դրվել է ոչ միայն կորոնավիրուսի, այլ նաև այլ թեմաների լուսաբանման վրա՝ տնտեսական, պարենամթերքի, կառավարման հարցեր։ «Որևէ բանի շուրջ իրավունք չունենք խոսելու, եթե դա պաշտոնական տեսակետը չէ։ Այս անորոշ վիճակում, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու վտանգ կա, մենք ժամանակավորապես դադարեցնում ենք մեր քաղաքական հաղորդումների հեռարձակումը»,- ասում է Գեղամ Մանուկյանը։ Ու նաև նկատում է, որ մինչև երեկվա կառավարությունում հանդիպումը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն իրենց տվել էր ավելի լիբերալ մոտեցումներով հանձնարարկան, սակայն ինչպես Մանուկյանն է ձևակերպում՝ «հիշյալ հանդիպմանը անհասկանալի շրջադարձեր եղան»։ Մանրամասներն՝ [url=https://factor.am/231487.html?fbclid=IwAR1m31kFQGTnqsppvX8S544LyzDpnT3bhG4JPiXD2wtpmKNlX1soeDGuI6E]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր