ԿԳՄՍ նախարարությունում սահմանված է աշխատանքային հերթապահություն. նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հերթապահություններ է սահմանել, աշխատակիցների որոշ մասն էլ հեռավար է աշխատում։
Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մարտի 18-ին քննարկում է եղել, մենք որոշել ենք, որ որոշ խմբեր կարող են հեռավար աշխատել, սակայն գլխավոր պայմանն էր՝ այն աշխատանքը, որն իրականացնում էին գերատեսչությունում, պետք է անեն նաև տնից։ Մենք հերթապահություններ ենք սահմանել և ավելի փոքր թվով աշխատակիցներ են գալիս նախարարություն»,- նշեց նախարարը։
Հավելեց, որ ԿԳՄՍ նախարարության՝ 60 և ավելի տարեկան, քրոնիկ հիվանդություն, երեխա ունեցող աշխատակիցները կաշխատեն տնից։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և հիվանդանոցից դուրս է գրվել: