22626 դիտում
12:45 14-03-2020
Վարչապետը իզուր տեղը վարի է տալիս կորոնավիրուսի 2 տեստ. Հրանտ Բագրատյանը առաջարկում է լվանալ քաղաքի փողոցները
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շարունակում է հակահամաճարակային միջոցառումների մասին գրառումների շարքը։
Նա Facebook-ի իր [url=https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/2866557260068440]էջում[/url], մասնավորապես, գրել է.
«Մինչ այդ մեկ բացատրություն. երբ խոսում ենք պետական միջոցառումների մասին, ապա պետք է հասկանանք, որ դրանցից արդյունավետ կլինեն միայն նրանք, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու։ Այդպիսին է կառավարման տեսությունը. նկատի ունենալ ամենածանր սցենարը։ Եթե իրականության մեջ այն ավելի թեթեւ անցնի, ավելի լավ։ Բայց պետությունը պարտավոր է նկատի ունենալ հնարավոր ամենավատ տարբերակը։
Կարծիք ունեմ, որ մեր պետական այրերը դա չեն հասկանում։ Օրինակ, էկոնոմիկայի նախարարը երեկ մի թեթեւ ակնարկեց, թե տնտեսության մեջ փոքրիկ նահանջ է հնարավոր, ասենք, զբոսաշրջության բնագավառում։ Տո յուրդդ չբլի, կասեր տատս, բա որ ամբողջ տնտեսությունը փլվի՞: Կամ վարչապետը այսօր, ինչպես ինքն է ասում հեռավոր Սեւանից, տեստավորելու է իրեն ու կնոջը։ Սա այն վարչապետն է, որ ունի մի քանի հարյուր տեստ ընդամենը։ Հա օրերս ՀՀ կհասնի Չինաստանի նվիրած եւս 1000 տեստ։ Այս մարդը ոչինչ չի արել տասնյակ հազարավոր տեստեր, հարյուր հազարավոր դիմակներ ունենալու համար։ Հիմա էլ իզուր տեղը վարի է տալիս 2-ը։ Այդ տեստերը հիվանդների համար են եւ այսօր ոսկու գին ունեն։ Հիմա միջոցառումներից։
Տրանսպորտ։
- Մոբիլիզացնել մի քանի հարյուր բեռնատար մեքենա Վրաստանի եւ Իրանի հետ պայմանավորված կարգով պարենամթերքի, դեղորայքի, մանկական սննդի ներմուծումներն անխափան իրականացնելու համար (ժամանակին ավելի ծանր բան էլ է եղել. լրիվ շրջափակման պայմաններում ՀՀ-ն ցորենը Աստրախանից բեռնանավով բերում էր իրանական Հենզելի եւ ապա այն տեղից բեռնատար փոքրիկ Зил-երով տեղափոխում ՀՀ։ Ճանապարհին այդ մեքենաները բաքերով նաեւ դիզվառելիք էին բերում կռվող բանակի համար)։
- Վրաստանի եւ Իրանի հետ մաքսակետերում լվանալ եւ դեզինֆեկցիա անել բոլոր մեքենաները։
- Վարձել 2 Ռուսլան ինքնաթիռ ավիանավթի անխափան մատակարարումների համար։
- Առայժմ պահել հետեւյալ օդային ուղղությունները. Վրաստան, ՌԴ, Ուկրաինա, Լեհաստան, Հունաստան, Գերմանիա, Չեխիա, ԱՄԷ, Եգիպտոս, Ղազախստան, Բելառուս։ Մնացածը փակում ենք։
- Կարանտինային ծառայություններ կազմակերպել դեպի Արցախ 2 ճանապարհների վրա (լվանալ եւ դեզինֆեկցիա անել բոլոր մեքենաները)։ Չի կարելի վիրուսը ներս բերել Արցախ։
- Պետական ռազերվում ապահովել ալյուրի, նպարեղենի, կաթի փոշու, մսի, շաքարի եւ այլն 2-3 ամսվա պաշար։
- Երեւան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Հրազդան, Արմավիր, Էջմիածին, Արտաշատ, Արարատ, Իջեւան, Դիլիջան, Վայք, Սիսիան, Գորիս, Ղափան, Մեղրի, Սեւան, Գավառ եւ այլն քաղաքներում քաղաքային տրանսպորտի, տաքսի ծառայությունների աշխատանքը կազմակերպել դիմակներով (նկատի ունենք վարորդներին եւ ուղեւորներին)։ Արգելել մուտքն առանց դիմակների։
- Արգելել առանց դիմակների մարդկանց երթեւեկությունը Երեւանի մետրոյով եւ երկաթգծով։
Առեւտուր եւ ծառայություններ։
- Արգելել առանց դիմակների սրճարաններ եւ ռեստորաններ այցելելը, սպասարկումը։
- Անցնել մեկանգամյա թղթե ափսեների, բաժակների, գդալների եւ այլն օգտագործմանը։
- օրական մի քանի անգամ դեզինֆեկցիա անել խանութները, սրճարաններն ու ռեստորանները, ծառայությունների մյուս օբյեկտները։
- կազմակերպել on-line գնումներ, սոցիալական ծառայությունների միջոցով դրանք հասցնել թոշակառուներին, ծերերին, միայնակներին։
- Խանութներում ոչ-ոք առանց դիմակի եւ ձեռնոցների չպետք է լինի։
- Քաղաքապետարանը պետք է օրը 2 անգամ լվանա բոլոր բազմաբնակարանային շենքերի շքամուտքերը, լիֆտերը, աստիճանավանդակները։
- Ամեն օր լվանալ Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի կենտրոնական փողոցները։
- Անհրաժեշտության դեպքում մի քանի հարյուր հազար դիմակ կարելու պատվեր իջեցնել տեղական արտադրողներին։
Շարունակելի»:
Նմանատիպ նյութեր
6893 դիտում
10:34 30-03-2020
Այսօր հանձնել եմ կորոնավիրուսի տեստ․ «Իմ քայլի» պատգամավոր
3561 դիտում
22:56 15-05-2015
Ինչպես քաղաքի կենտրոնում անվճար մեքենա լվանալ. տեսանյութ
Այս բաժնից
688 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
961 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1198 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ