«Լուսավոր Հայաստանը» չի մեկնաբանում հանրաքվեի քարոզարշավի ընթացքը
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է՝ չի մտնում քարոզչության մեջ, չի մեկնաբանում քարոզարշավի ընթացքը:
«[url=https://https://armenpress.am/arm/news/1007821.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ գնահատական կտան «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզարշավին:
«Մենք մեր դիրքորոշումը ասուլիսում հայտնել ենք, ասել ենք, որ հետո, երբ քարոզարշավը սկսվի, չենք մեկնաբանելու և չենք մտնելու քարոզչության մեջ: Հետևաբար, չեմ կարող մեկնաբանել: Ուղղակի մենք մեկ-մեկ արձագանքում ենք մեզ ուղղված տարատեսակ լուրերին»,-ասաց Մարուքյանը:
Նա տեղեկացրեց, որ «Այո»-ի շտաբներից մեկի վրա գանգ է նկարված եղել ու գրված է եղել ԼՀԿ։ Մարուքյանը նշեց՝ իր հետ կապ է հաստատել Սուրեն Պապիկյանը, վստահեցրել, որ իրենք որևէ կապ չունեն դրա հետ, սակայն կհետևեն, տեսնեն, թե ով է դրել և կհանեն: «Ուրիշ որևէ ձևով որևէ կերպ որևէ բանում ներառված չենք և չենք կարող մեկնաբանել»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք խախտում արձանագրե՞լ են քարոզարշավում, նա նշեց՝ չեն հետևում, որ խախտում արձանագրեն: «Մեն պաշտոնական կողմ չենք գրանցված ԿԸՀ-ում, քանի որ չենք հետևում խախտումներն և չենք կարող արձանագրել»,-ասաց Մարուքյանը:
Նա վստահ է՝ հանրաքվեի չկայանալու որևէ տարբերակ չկա, այն միանշանակ կայանալու է: Անդրադառնալով հարցին, թե ինչ է կարծում, ի վերջո, կլինե՞ն, արդյոք, սահմանադրական փոփոխություններ՝ Մարուքյանն ասաց՝ չի կարող ասել: «Կարծում եմ, որ խնդիր չպետք է լինի: Մարդիկ վստահում են իշխանությանը, հետևաբար այդ առումով ես խնդիր չեմ տեսնում»,-ասաց նա: