211652_close_icon
views-count1879 դիտում article-date 10:49 07-03-2020

Հեղափոխությունը չդարձնել ցանկացած այլախոհություն մերժող պետական կրոն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ոչ մի ծայրահեղություն երբեք որևէ լավ բանի չի հասցրել: Հասարակական և անձնական կյանքի ոլորտներում ամենաճիշտ մոտեցումն է, իմ կարծիքով, պահպանել բալանսը, հավասարակշռությունը: Ընդհանուր առմամբ ընդունել հեղափոխությունը, բայց այդ նույն հեղափոխությունը չդարձնել ցանկացած այլախոհություն մերժող պետական կրոն, որի «մաքրությունը» ստուգվում է իշխանության կողմից նշանակված «հավատաքննիչների» կողմից: Անկախ նյութական վաստակից, ապրել համեստ, առանց ավելորդ ճոխությունների, բայց չդառնալ մոլեռանդ ճգնավոր, քանի որ ճգնավորությունն էլ, ի վերջո, նույնպես կարող է անհամեստության և ցուցամոլության դրսևորում լինել: Պարբերաբար լվանալ ձեռքերը, բայց չդառնալ մտասևեռված մաքրամոլ, որն իր չափազանցված պահանջներով փչացնում է իր սեփական և իր մերձավորների կյանքը: Մեր հասարակության համար բավականին զգայուն թեմաների՝ գենդերի, սեռական կողմնորոշման, ազգային ինքնության հարցերում նույնպես անհրաժեշտ է պահպանել բալանսը: Թեմային անդրադառնալու առիթն է վերջերս հայաստանցի լրագրող Լյուսի Քոչարյանին «Խիզախ կին» մրցանակին արժանացնելը՝ մրցանակ, որը Լյուսիին և այլ երկրների մի շարք այլ կանանց Վաշինգթոնում հանձնեցին ԱՄՆ պետքարտուղարը և առաջին տիկինը: Լրագրողը պարգևատրվել է «Բռնության ձայնը» շարքի համար՝ նա հրապարակել էր բռնության մի քանի հարյուր պատմություն, հիմնականում՝ կանանց հանդեպ, ինչի համար արժանացել էր հասարակության, մեղմ ասած, ոչ միանշանակ վերաբերմունքին: Գյումրիում վերջերս տեղի ունեցած բռնության սահմռկեցուցիչ դեպքի ֆոնին թեման բարձր հնչեղություն ստացավ: Այստեղ, իհարկե, պետք է մերժել առաջին հերթին պահպանողական, «քյարթուական» ծայրահեղությունը՝ «բա տղամարդ ա, բա մի հատ էլ կապտակի, երևի, կինն էլ խելոք չի մնացել»: Հետաքրքիր է, որ նման քարանձավային մոտեցումը պահպանվել է Հայաստանի ոչ միայն հետադիմական ընտանիքներում, այլև երբեմն բարձրաձայնվում է նաև մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում: Բռնությունը երբեք և ոչ մի պարագայում չի կարող արդարացվել: Բայց կա նաև արևմտյան ծայրահեղացված «պոլիտկոռեկտ» մոտեցում, որը դոգմատիզմի մեկ այլ տեսակ է: Ըստ այդմ, ցանկացած ինքնություն՝ ազգային, կրոնական, սեռական՝ ինքնին խնդիր է ներկայացնում: Այստեղ նույնպես կարելի է հասնել զավեշտալի անհեթեթությունների, որոնց տակից հետո դժվար կլինի դուրս գալ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր