ՀՀ ազգային ժողովը մի շարք օրինագծեր է ընդունել
Մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Դրանց թվում են.
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը (110`«կողմ», միաձայն),
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ («կողմ»` 112, միաձայն),
«Օզոնի շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ («կողմ»` 113, միաձայն),
«Նյութական պահուստի մասին» եւ հարակից օրենքներին առնչվող օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթ («կողմ»` 114, միաձայն),
«Պետական աջակցության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ («կողմ»` 111, միաձայն):
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հաստատել են մի շարք այլ օրինագծեր:
Դրանց թվում են.
«Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը (113` «կողմ», միաձայն),
«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը («93»` կողմ, 12-ը` ձեռնպահ),
վավերացրել են «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» Համաձայնագիրը (113` «կոմղ», միաձայն),
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում ռազմական անձնակազմի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին »օրենքում (114` «կոմղ», միաձայն):
Սակայն պատգամավորներն առաջին ընթերցմամբ չեն ընդունել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (15` «կողմ», 88` «դեմ», 10` ձեռնպահ):