3899 դիտում
10:31 04-03-2020
Կորոնավիրուսի տարածումը լրջորեն կվնասի համաշխարհային տնտեսությանը. ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը ակտիվացնելու անհրաժեշտություն լինի. «Փաստ».
«Փաստ» թերթը գրում է. «Աշխարհով մեկ կորոնավիրուսի տարածման և հիվանդների թվի ավելացման հետևանքով պետությունների կառավարությունները խիստ միջոցառումներ են ձեռնարկում, որոնք նախատեսում են սահմանների խիստ վերահսկողություն և դեպի վարակի տարածման երկրներ այցելությունների և շփումների սահմանափակում։
Վարակի տարածումը այս պահի դրությամբ մեծ վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը։ Հիմնական հարվածն իր վրա է վերցրել չինական տնտեսությունը, որը վերջին տարիներին շարունակում էր տպավորիչ արդյունքներ գրանցել։ Ու այս իրավիճակում արդեն իսկ մասնագետները մտավախություն ունեն, որ օտարերկրյա ներդրողները Չինաստանից կարող են դուրս գալ և տեղափոխվել այլ երկրներ։
Այսինքն՝ որոշ երկրներ կարող են օգտվել ստեղծված իրավիճակից։ Նույնիսկ խոսվում է այն մասին, որ բազմաթիվ ձեռնարկություններ կարող են տեղափոխվել Մեքսիկա՝ այդ երկրի տնտեսական զարգացմանը լրացուցիչ խթան հաղորդելու համար։
Այնպես որ, կորոնավիրուսի տարածումը համաշխարհային տնտեսական լանդշավտում փոփոխություններ բերելու հետ մեկտեղ՝ նաև աշխարհաքաղաքական տեղաշարժեր է խոստանում, և որոշ երկրներ կարող են տուժել դրանից, իսկ առանձին պետություններ՝ շահել։
Կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը նուրբ մոտեցում է պահանջում նաև Հայաստանի դեպքում, քանի որ մեր երկիրը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրադրությունում, Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ թշնամական քաղաքականություն են վարում Հայաստանի նկատմամբ և փորձում մեկուսացնել արտաքին աշխարհից։
Այսպիսի իրավիճակում Հայաստանին մնում է իր կապն արտաքին աշխարհի հետ ապահովել Իրանի և հատկապես Վրաստանի միջոցով։ Սակայն Իրանում կորոնավիրուսը մեծ տարածում է գտել, որի արդյունքում մահացության շուրջ 7 տասնյակ դեպք է գրանցվել։ Վարակը տարածվել է նաև հարևան Վրաստանում, որով անցնում է դաշնակից Ռուսաստանի հետ կապող ճանապարհը։
Իրանում վարակի տարածման հետ կապված օրեր առաջ Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին, իսկ ավելի ուշ արդեն Հայաստանի կառավարությունը որոշել է խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ:
Ճիշտ է՝ որոշ վերլուծաբաններ փորձեցին Իրանի հետ հաղորդակցության հետ կապված այս կարգի քայլերը մեկնաբանել որպես Արևմուտքի ճնշման արդյունք, սակայն պետք է հաշվի առնել, որ Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումը և բեռնափոխադրումների դադարեցումը կարող են խնդիրներ հարուցել Հայաստանի համար, քանի որ Իրանը արտաքին աշխարհի հետ հաղորդակցության և առևտրաշրջանառության առումով Հայաստանի համար յուրահատուկ նշանակություն ունի։
Մյուս կարևոր թեման ստեղծված իրավիճակում Վրաստանի հետ հաղորդակցության և առևտրաշրջանառության ապահովումն է։ Եթե հանկարծ փակվի Վրաստանի հետ սահմանը, ապա կարելի է ասել, որ փակվելու է Հայաստանի շնչառությունը։ Չհաշված, որ այս օրերին շարունակում է փակ մնալ Լարսի անցակետը, որտեղով անցնում է Հայաստանը Ռուսաստանին կապող հիմնական ցամաքային ուղին։
Ուստի այս ֆոնին կարևորվում է վարչապետ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցը, սակայն լուրջ խնդիր է, թե ինչ արդյունքներ կարող է այն ունենալ։ Պետք է նկատի ունենալ, որ կորոնավիրուսի հետագա տարածումը առաջիկայում կարող է լուրջ կորուստներ պատճառել համաշխարհային տնտեսությանը, և, ըստ այդմ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ակտիվացնելու անհրաժեշտություն լինի»։
Մանրամասն՝ այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1442 դիտում
15:39 17-09-2014
Հում նավթի կտրուկ գնանկումը լրջորեն կվնասի Ռուսաստանի տնտեսությանը
3998 դիտում
16:42 07-03-2020
2.7 տրիլիոն դոլար. փորձագետները գնահատել են կորոնավիրուսի հետևանքով համաշխարհային տնտեսությանը սպասվող վնասի չափը
1481 դիտում
09:22 21-08-2014
ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը բոլոր առումներով նվազել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»