211652_close_icon
views-count74158 դիտում article-date 10:57 02-03-2020

Նամակ ՀՀ վարչապետին. հայուհին և նրա գերմանացի ամուսինը Հայաստանում կլորիկ գումար «քցվելուց» հետո մի քանի տարի է՝ ՀՀ իրավապահ և դատական համակարգի «բեսպրեդելից» չեն կարողանում վերականգնել արդարությունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով գերմանաբնակ Անյա Կուլինոն դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ միայն վարչապետի միջամտության շնորհիվ հնարավոր կլինի վերականնել արդարությունը, միայն վարչապետ Ն. Փաշինյանի հսկողության տակ այս բյուրոկրատական քաշքշուկի խնդիրը, որը ստեղծել են ՀՀ իրավապահ և դատական համակարգի որոշ չինովնիկներ, ջրի երես դուրս կգա, ու հավատում է, որ դրանից հետո կարելի է պնդել, որ, իրոք, արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում, իսկ աս 7 տարիների ընթացքում նաև նրա գերմանացի ամուսինը, տառապելով ՀՀ իրավապահ և դատական համակարգի «կարուսելից», միշտ մեջ է բերում մեծն Շիրազի հայտնի՝ «Դանթեական» պոեմից հետևյալ խոսքը. «Ո՛վ, արդարություն, թող որ թքեմ քո ճակատին»։ Գերմանաբնակ Անյա Կուլինոն հավանաբար ոգևորվելով և հուսադրվելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս՝ «Այս ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում» վերտառությամբ հրապարակած՝ սփյուռքահայ Մարիա Ղանաղունյանի իրեն հասցեագրված նամակի բարձրացրած աղմուկից, բաց նամակով նույնպես դիմել է ՀՀ Վարչապետին և ներկայացրել Հայաստանում իրավապահ և դատական մարմինների կողմից իր իրավունքների բացահայտ ոտնահարման և հատկապես դատական համակարգում տիրող խայտառակ վիճակի մասին։ Կարդալով նամակը հասկանում ես, որ համապատասխան «վայ դատավորներն» ու վերջիններիս հետ «պասերով» խաղացողներն իրականում շուտափույթ «վեթինգի» կարիք ունեն։ Բանից պարզվում է նաև, որ համաձայն հիշյալ նամակի բովանդակության խեղճ Կուլինո ամուսինները ևս քցվել են այն նույն Աշոտ Սուքիասյանի կողմից, ով ըստ հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի պնդումների՝ խաբեությամբ իրենից հափշտակել էր շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար գումար, սակայն իրադարձությունների անհավանական զարգացումների արդյունքում, փողերի լվացման և խարդախության մեղադրանքով որոշ ժամանակ բանտում նստելուց հետո «արդարացվեց»։ Ստորև ընթերցողին է ներկայացվում Անյա Կուլինոյի բաց նամակը ՀՀ Վարչապետին։ «Մեծարգո՛ պարոն Վարչապետ, Ձեզ է դիմում հուսահատված և ճարահատյալ մի կին, ով արդեն ավելի քան յոթ տարի պայքարում է իր խախտված իրավունքները վերականգնելու և արդարության հասնելու համար, բայց, ցավոք, քրեական վարույթ իրականացնող մարմինների շարունակական բնույթ կրող քմահաճ և անտարբեր վերաբերմունքի արդյունքում այդ պայքարը որևէ արդյունք չի տվել: Մեծարգո՛ պարոն Վարչապետ, Ի դեմս քրեական վարույթ իրականացնող մարմինների իմ առջև ծառացած հզոր պատնեշը ես պարզապես ի զորու չեմ հաղթահարել և իմ ձայնը լսելի դարձնել, ուստի դիմելով Ձեզ, ապավինում եմ Ձեր անմիջական աջակցությանը՝ օրենքի շրջանակներում ներքոհիշյալ խնդրին ար¬դարացի լուծում տալու հարցում։ Չցանկանալով Ձեզ ավելորդ ծանրաբեռնել, փորձեմ շատ հակիրճ ներկայացնել խնդրո առարկան։ Այն կայանում է նրանում, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի նախագահ, տխրահռչակ Աշոտ Սուքիասյանը խաբեության և վստահությունս չարաշահելու եղանակով՝ Սիերա Լեոնեի Հանրապետությունում գտնվող, իբրև իրեն պատկանող ոսկու և ադամանդի հանքավայրերի շահագործման բիզնեսում ներդնելու միջոցով ինձ վերոհիշյալ կոոպերատիվի մասնակից դարձնելու և վերջինիս եկամուտներից տարեկան ներդրված գումարի 30 տոկոսի չափով ինձ հասույթ վճարելու պատրվակով, 2009թ. և 2010թ. սեպտեմբեր ամիսներին ինձնից և ամուսնուցս՝ ԳԴՀ քաղաքացի Գյունթեր Կուլինոյից ստացել է 100.000 եվրո և 37.000 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց մինչև 2011թ. սեպտեմ-բեր ինձ մաս-մաս վճարելով ընդամենը 27.500 եվրո և 9.200 ԱՄՆ դոլար՝ իմ կողմից ներդրված մնացած գումարը հափշտակել է։ Դեռևս 2012թ. օգոստոսի 8-ին այդ կապակցությամբ դիմում (հաղորդում) եմ ներկայացրել ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն, որտեղ արդեն իսկ քննվում էր «Ձորագյուղ» ԱԿ-ի նախագահ Աշոտ Սու¬քիաս¬յանի կողմից Փայլակ Հայրապետյանի և նրա հարազատների վստահությունը չարաշահելու եղանակով, վերջիններիս պատկանող անշարժ գույքի նկատմամբ խար-դախությամբ իրավունք ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Դիմումս կցվել է նշված քրեական գործին և քննարկվել վեր¬ջինիս շրջանակներում։ Նշեմ, որ հիշյալ քրեական գործի նախաքննությունը հետագայում իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վար-չությունում։ Քրեական գործի նախաքննության ընթացքում ես և ամուսինս մանրամասն ներկայացրել ենք դեպքի հանգամանքները և վարույթն իրականացնող մարմնին տրամադրել Աշոտ Սուքիասյանի կողմից վերը նկարագրված խարդախության փաստը հիմնավորող փաստաթղթեր։ Բացի այդ, 2013թ.-ից հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը 2014թ.-ին Վրաստանում հայտնաբերվելուց և Հայաստան էտապավորվելուց հետո որպես մեղադրյալ իր ցուցմունքում հաստատել է, որ իմ և նրա միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի ոսկերչական արտադրամասում ես պետք է ներդնեի 100.000 եվրո և տարեկան ստանայի նշված գումարի 30 տոկոսի չափով հասույթ՝ անկախ արտադրամասի շրջանառությունից։ Նշված ցուցմունքից մեկ օր անց տված լրացուցիչ ցուցմունքում Աշոտ Սուքիասյանն արդեն փոխել է իմ կողմից «Ձորագյուղ» ԱԿ-ում կատարված ներդրման կապակցությամբ հայտնած իր դիրքորոշումը, այս անգամ արդեն նշելով, թե իբր ես գումարն իր կոոպերատիվին տվել եմ տոկոսով և ստացել եմ տոկոսներ։ Նախաքննական մարմինը զարմանալիորեն շատ հեշտությամբ՝ «հալած յուղի պես», ընդունել է Աշոտ Սուքիասյանի այդ պատճառաբանությունը և առանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու, բազմաթիվ հակասությունների և գործով չպարզված հանգամանքների ու չփարատված կասկածների առկայության պայմաններում, անտեսելով դրանք, հաստատված է համարել իմ կողմից վաշխառություն կատարելու հանգամանքը և իմ նկատմամբ քրեական հետապնդում չի իրակա-նացրել ոչ արդարացման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, մինչդեռ իր իսկ կողմից մեկ այլ դրվագով՝ խարդախությամբ Փայլակ Հայրապետյանի և մյուսների՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների օրինականացման և առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար դատի տրված անձի՝ Աշոտ Սուքիասյանի ցուցմունքներում ներկայացված հակասական և ոչ արժանահավատ պատճառաբանությունները հիմք ընդունելով, գտել է, որ վերջինս իմ գումարները խաբեությամբ հափշտակելու դիտավորություն չի ունեցել և նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացրել՝ արարքում հանցակազմի բացա-կայության հիմքով։ Նախաքննական մարմնի այս որոշումներն իմ կողմից բողոքարկվել են ինչպես վերադաս դատախազներին, այնպես էլ դատական կարգով։ Առաջին բողոքիս հիման վրա ՀՀ գլխավոր դատախազը 2015թ. հուլիսի 21-ի որոշմամբ վերացրել է ինձնից 100.000 եվրո և 37.000 ԱՄՆ դոլար ստանալու և չվերադարձնելու դրվագով քրեական գործով Աշոտ Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի կայացրած որոշումն այն պատճառաբանությամբ, որ քրեական գործով դեռևս անհրաժեշտ է պարզել մի շարք կոնկրետ թվարկված հանգամանքներ, որից հետո միայն՝ ձեռք բերված ապացույցների հիման վրա իրավաբանական գնահատական տալ իմ և Աշոտ Սուքիասյանի արարքներին ու լուծել քրեական գործի ընթացքը։ Չնայած դրան, մինչդատական վարույթն իրականացնող քննիչը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ քննիչը պարտավոր է կատարել դատախազի օրինական ցուցումները, ՀՀ գլխավոր դատախազի որոշման մեջ նշված՝ գործի լուծման համար էական հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու փոխարեն, սկզբունքորեն ձեռնպահ է մնացել այդպիսիք կատարելուց, այսինքն՝ չի կատարել դատախազի օրինական ցուցումը, և դա պատճառաբանել է նրանով, թե ՀՀ գլխավոր դատախազի որոշումը «չի բխում քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներից, որոշման պատճառաբանություններում առաջ քաշված պարզման ենթակա հանգամանքներն արդեն իսկ օրենքով սահմանված կարգով քննության առարկա դարձված եղել են, դրանք ստուգվել են և 2015 թվականի մայիսի 4-ի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման մեջ տեղ գտած վարույթն իրականացնող մարմնի հետևությունները բխում են քննությամբ ձեռք բերված ապացույցներից»։ Նկատի ունենալով, որ իմ և Աշոտ Սուքիասյանի նկատմամբ կայացված քննիչի կամայական և ակնհայտ ապօրինի որոշումների դեմ բերված իմ բողոքները ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից նույնպես մերժվել են՝ դեռևս 2017թ. փետրվար ամսին քննիչի և դատախազի հիշյալ որոշումների դեմ բողոք եմ ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատ-րան։ Դրանից շուրջ մեկուկես տարի անց՝ 2018թ. սեպտեմբերի 10-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է բողոքս և որոշում կայացրել իմ իրավունքների ու ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրակա-նացնող մարմինների պարտավորության մասին, որը դատախազի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այս անգամ դատախազի վերաքննիչ բողոքը քննության է առնվել գրեթե վեց ամիս, արդյունքում՝ 2019թ. մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու և առաջին ատյանի՝ իմ օգտին կայացված որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին։ Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ 2019թ. հունիսի 18-ին վճռաբեկ բողոք է բերվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից, որը ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել երեք ամիս անց՝ 2019թ. սեպտեմբերի 24-ին։ Մեծարգո՛ պարոն Վարչապետ, վստահ եմ, որ Ձեզ համար էլ անհավատալի կլինի այն փաստը, որ վերը նկարագրված շրջապտույտը շարունակվում է արդեն գրեթե հինգ տարի, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դատախազի բողոքը վարույթ ընդունելուց հետո անցել է հինգ ամիս, սակայն մինչ օրս դատական նիստ չի նշանակվել և հայտնի չէ, թե այն երբ կնշանակվի, առավել ևս, որ այդ ժամկետները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չեն։ Մեծարգո՛ պարոն Վարչապետ, Հայտնելով վերոգրյալի մասին, խնդրում եմ իմ և Աշոտ Սուքիասյանի վերաբերյալ քրեական գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ և ապահովել ողջամիտ ժամկետներում արդար ու օբյեկտիվ քննության կատարումն ինչպես դատական ատյաններում, այնպես էլ՝ նախաքննական մարմիններում, բացառելով վերջիններիս համապատասխան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր անօրինական, կամայական կամ սուբյեկտիվ որևէ դրսևորում։ Հարգանքներով՝ Դիմող՝ Ա. Կուլինո»։

Նմանատիպ նյութեր