211652_close_icon
views-count2304 դիտում article-date 21:32 27-02-2020

Արցախում արդար ընտրություններն այլընտրանք չունեն. Արցախյան պատերազմի վետերան

Արցախում ընթացող նախագահական ընտրությունների քարոզարշավին ականատես ենք լինելու զարմանահրաշ գաղափարների ու անակնկալների և, անշուշտ, դառնալու ենք ընթացող իրողությունների, բեմական ներկայացումների մասնակից, հանդիսատես։ Եվ ինչքան էլ փորձենք կողքից նայողի աչքերով նայել ու անկողմնակալ պահվածք դրսևորել, այնուամենայնիվ, ազգային ինքնագիտակցությունդ ու մարդկային խղճմտանքդ ինչ-որ պահի սկսելու են գործել, և դու ակամայից ուշադրությունդ բևեռելու ես այն սրբազան բնօրրանին, որտեղ հայրենակիցներիդ իրավունքների հետ առնչվող ճակատագրական իրադարձություններ են տեղի ունենում, որտեղ քո նախնիների հայրենականչ գերեզմաններն իրենց արյան կանչով քեզ տանում են դեպի մի երկիր, որին բռնությամբ անվանակոչել են Ղարաբաղ, իսկ հիմա՝ բռնության լծից ազատագրված՝ Արցախ։ Այո′, Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են և այդ ընտրությունները ժողովրդի կամքը սրբագրող մատենագիր են դառնալու։ Իսկ ժողովրդի կամքը կառավարվում է տիեզերքից՝ օրհնությամբ, և այն ուղեկցվում է տեսանելի զորություններով ու արդարությամբ։ Դրա համար էլ գրված է․ «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո», որը հուշում է առ այն, թե ով ժողովրդի կամքը սրբապղծի, դառնալու է նրա զոհը, իսկ ով ժողովրդին ծառայի, դառնալու է նրա օրհնյալը։ Այսօր Արցախում նախագահի թեկնածուներից ոչ բոլորն են հասկանում արտաքուստ պարզ թվացող, բայց ներքուստ չափազանց բարդ այս հայտնի ճշմարտությունը, որովհետև ժողովրդին աճպարարությամբ խաբելով, նրան փնովելով ու նվաստացնելով, նրա հիշողությունը ոտնահարելով, նրան բռնազբոսաբար պարտադրելով՝ չես կարող անիծապարտ չդառնալ ու չկործանվել և չես կարող նրա կամքին, նրա ջատագովությանը, հարգանքին ու արժանապատվությանն արժանանալ, ընդսմին՝ նաև հաղթանակներ նվաճել։ Ժողովուրդն իմաստուն է, հանճարեղ։ Նա շատ լավ է զանազանում ուժեղին և թույլին, խելոքին ու հիմարին, հանճարին ու անճարին, նվիրյալին ու վախկոտին, փախչողին ու կանգնողին, ինչպես նաև ազնիվ մարդկանց ու շան որդիներին։ Հետևաբար, ժողովրդի հետ պետք է վերաբերվել զգուշավորությամբ, իմաստությամբ ու խորագիտությամբ, հոգատարությամբ և կարեկցանքով։ Արդ, նրանք, ովքեր ժողովրդին ձեռք մեկնած մարդուն փնովում են, ամբաստանում, անհարկի զրպարտում ու մեղադրում և իրենց դարանակալ մտքերով փորձում են մարդկանց ապակողմնորոշել՝ օգտագործելով ստեղծված առիթն ու հնարավորությունը, ապա թող այդ մարդիկ գիտակցեն ու հասկանան, որ ժողովուրդն անսալու է իր խղճի ձայնին, գործելու է իր բնազդական կամքով և նախապատվությունը տալու է իրեն նեղության ժամանակ օգնության հասած մարդուն, իրեն հոգսերի ու կարիքների ծանրության բեռի տակից հանած մարդուն, իրեն օժանդակած մարդուն, իր բարօրության համար իրականության մեջ բազմաթիվ գործեր կատարած մարդուն։ Իսկ նրանք, ովքեր ստահոդ հուսադրումներով խոստումներ են շռայլում և ապագայի տեսլականով մտքի փայլատակումներ կատարում առ այն, թե մարդկանց կյանքն ու կենսամակարդակը փոխելու համար են ընտրապայքարի դուրս եկել, ապա մեծ հաշվով նրանք սխալվում են, որովհետև ժողովուրդը նայում է արածդ գործերին, ապրածդ կյանքին, ստեղծածդ հնարավորություններին, զբաղեցրած հասարակական դիրքիդ, մարդկային որակներիդ, թողածդ ժառանգությանը և ինչու ոչ՝ նաև արժանի լինելու վաստակիդ։ Բայց և այնպես, ազատ կամքի ընտրությունը տրված է բոլորին, և մարդու կամքին բռնանալը ոչ այլ ինչ է, եթե ոչ բռնատիրություն խղճի ու ազատության հանդեպ, բարոյապղծություն՝ բարեվարքության հանդեպ։ Կարծում եմ՝ Արցախում արդար ընտրություններն այլընտրանք չունեն, և նրանք, ովքեր ընտրել են ընտրապայքարի ազնիվ ուղիները և ժողովրդին անկեղծությամբ ներկայացնում են իրենց գործունեության ռազմավարությունը, ինչպես նաև դրանից բխող ծրագրերն ու մտահղացումներն առանց զրպարտելու և վարկաբեկելու մյուսներին, ապա ժողովուրդն այդ կուսակցությանն ու նրա առաջնորդին հավուր պատշաճի վերաբերմունք ցույց կտա։ Իսկ նրանք, ովքեր ընտրել են Պիղատոսի մարտավարությունը և գործում են նրա պես, ապա նրանց պատասխանը կլինի պարտությունը և ամոթը, իսկ դրանից բխող բոլոր հետևանքներն ու եզրակացությունները թողնում եմ Մասիս Մայիլյանի «սակրավորների» խղճի վրա։ [b]Արցախյան պատերազմի վետերան, ազատամարտիկ Արթուր Կիրակոսյան [/b]

Նմանատիպ նյութեր