211652_close_icon
views-count4082 դիտում article-date 20:26 25-02-2020

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցներին՝ դատավարության ընթացքում իրենց աջակցությունը հայտնելու համար։ Գրասենյակի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հազարավոր աջակիցներին՝ Սերժ Սարգսյանին առաջադրված շինծու մեղադրանքով այսօր մեկնարկած դատավարությանը, չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, ներկա գտնվելու եւ, ըստ էության, քաղաքական հետապնդման ենթարկվող պետական, քաղաքական գործչին, Արցախի հերոսին իրենց ներկայությամբ սատարելու, հրապարակային աջակցություն հայտնելու համար: Շնորհակալություն ենք հայտնում նաեւ Հայաստանում, Արցախում եւ արտերկրում բնակվող մեր այն բազմահազար հայրենակիցներին, ովքեր իրենց հեռախոսազանգերով, գրասենյակ ուղարկած բազմաթիվ նամակներով դատապարտում են Հայաստանում ներկայիս իշխանությունների օրոք իրականացվող հերթական քաղաքական հետապնդումը եւ անվերապահ աջակցություն հայտնում ՀՀ երրորդ նախագահին: Սերժ Սարգսյանը համոզված է, որ հանուն արդարության պայքարում հաղթանակն այլընտրանք չունի, եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բազմաթիվ անարդարությունները, ապօրինություններն ու քաղաքական հակառակորդների հետապնդման փորձերը դատապարտված են ձախողման»: Նշենք, որ այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։

Նմանատիպ նյութեր