211652_close_icon
views-count4529 դիտում article-date 10:37 25-02-2020

Իրական վիրուսն ու ժողովրդական ֆոլկլորը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մարդիկ մշտապես՝ կլոր տարի և ամբողջ աշխարհում հիվանդանում են կամ վարակվում են գրիպով: Այս կամ նմանատիպ այլ հիվանդությունները հաճախ բարդացումներ են ունենում, և պատահում է, որ հատկապես առողջական այլ խնդիրներ, թույլ իմունիտետ ունեցող մարդիկ, ցավոք, մահանում են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամեն տարի գրիպից և դրա բարդացումներից տարեկան մահանում է մոտ 650 հազար մարդ: Այդ տխուր փաստի վրա սովորաբար ոչ ոք ուշադրություն չի դարձնում՝ կարծես թե հենց այդպես էլ պետք է լինի: Բայց հենց որ գրիպը ձեռք է բերում որևէ «հնչեղ» անվանում՝ խոզի, թռչնի գրիպ կամ կորոնավիրուս, սկսվում է համաշխարհային խուճապը և մարդիկ ընկնում են դավադրապաշտական տեսությունների գիրկը: Իհարկե, բժիշկները միանգամայն ճիշտ են, երբ ասում են, որ գրիպով (ցանկացած գրիպով) հիվանդ մարդուն պետք է մեկուսացնել, որ ինքնաբուժմամբ պետք չէ զբաղվել, առավել ևս չի կարելի առանց մասնագետների հետ խորհրդակցելու հակաբիոտիկներ կուլ տալ, իսկ տաքության դեպքում պետք է դիմել բժշկի և այլն: Բայց դա միայն կորոնավիրուսի հետ կապված խնդիր չէ: Դա քաղաքակիրթ մարդու պահվածք է ցանկացած վիրուսի տարածման ժամանակ: Ի դեպ, գրիպի և այդ տեսակի այլ հիվանդությունների կանխարգելման մեջ նույնպես մեծ գաղտնիքներ չկան՝ պետք է կոփվել, ֆիզիկապես ակտիվ լինել, շատ լինել մաքուր օդին, օդափոխել սենյակները և այլն: Պետությունն էլ իր հերթին պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ վիրուսի տարածումը կանխելու համար, որովհետև խնդիրը ոչ թե այն է, որ ոչ ոք չհիվանդանա՝ դա անհնարին է, անգամ ամենազարգացած երկրներում գրանցվում են հատուկենտ դեպքեր: Խնդիրն այն է, որ հիվանդությունը տարածում չգտնի, իսկ դրա համար պետք են թե՛ բնակչության որոշակի քաղաքակրթական մակարդակ և թե՛ պետական մարմինների ջանքեր: Մնացածը ժողովրդական ֆոլկլոր է: Հիշո՞ւմ եք, Սպիտակի երկրաշարժից հետո լուրեր էին տարածվել, որ Կրեմլը Հայաստանի դեմ «երկրաբանական զենք» է կիրառել: Ավելին՝ մինչև հիմա սոցիալական ցանցերում ժամանակ առ ժամանակ հայտնվում են ինչ-որ կայքերի նյութեր, որոնք «հիմնավորում են» այդ անհեթեթությունը: Կորոնավիրուսի մասին նույնպես նման մակարդակի վարկածներ են առաջ քաշվում: Եթե մարդու մտքին կա ամեն ինչի հետևում տեսնել անհայտ կամ հայտնի չարագործների, ապա ձյունն ու անձրևը նույնպես շատ հանգիստ կարող են դասվել որոշակի զինատեսակների շարքին: ․․․Վերջերս մի մարդ ինձ ամենայն լրջությամբ բացատրում էր, որ կորոնավիրուսը տարածում են թուրքերը՝ ջրի խողովակների միջոցով»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր