Պայքար բնության համար․ փայտանյութի արտահանումն արգելող նախագիծ է շրջանառվում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մոտ 11 տոկոս անտառապատ տարածքներ ունեցող մեր երկրի համար դրանց պահպանումը դարձել է պետության անվտանգության հարցերից մեկը: Այն առանձնակի կարևորություն է ստանում նաև գլոբալ կլիմայական փոփոխություններին դիմակայելու միջոցառումների համատեքստում, որի շրջանակներում Հայաստանն ստանձնել է հավակնոտ պարտավորություն՝ մինչև 2050 թ. կրկնապատկել իր անտառապատ տարածքները: Այդ ուղղությամբ միջոցառումները մեկնակրել են, և արդեն այս տարվա ընթացքում նախատեսվում է 10 միլիոն ծառի տնկում:
Անտառտնկման և անտառվերականգնման գործընթացներին զուգահեռ դեռ խնդիր են մնում ապօրինի անտառհատումների դեպքերը: Չնայած վերջին տարիներին ձեռնարկած աննախադեպ մեծ ծավալի կանխարգելող նպատակային միջոցառումներին, ապօրինի անտառհատումների դեպքերը դեռ շարունակվում են: Միայն ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքները չեն կարող բացառել ապօրինի ծառահատումների դեպքերը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը միայն 2019 թ. դեկտեմբերի 23-30-ն ընկած ժամանակահատվածի աշխատանքների արդյունքում արձանագրել է բուսական աշխարհին վնաս հասցնելու 40 դեպք, որից 38-ով հաշվարկվել է 110 մլն դրամից ավելի շրջակա միջավայրին հասցված վնաս: Դրանց հիմնական մասը բաժին է հասնում ապօրինի ծառահատումներին:
Շրջակա միջավայրի նախարարությունն այս հիմնարար խնդիրը լուծելու նպատակով այսօր շրջանառում է Հայաստանից երրորդ երկրներ արտահանման նպատակով արգելված ապրանքների ցանկը հաստատելու կառավարության որոշման նախագիծը: Փաստաթղթում ընդգրկված են վառելափայտը, տակառագործական փայտանյութը, ճեղքած գերանները, ցցագերանները, չմշակված անտառանյութի և փայտանյութի հնարավոր բոլոր մյուս տեսակները, որոնց աղբյուրը կարող է լինել միայն տեղական հումքը: Այն կարևոր ու երկար սպասված կարգավորում է և միանշանակ էական ազդեցություն կունենա ապօրինի ծառահատումների դեպքերի նվազեցման վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]