211652_close_icon
views-count16718 դիտում article-date 14:52 13-02-2020

Պայքար ստվերի դեմ․ 25 կգ-ից ավելի ապրանքի ներմուծման համար կսահմանվի մաքսատուրք

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխություններ կատարել առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափերում: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ 2015-ին ընդունված որոշմամբ՝ կարգավորում էր ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների սահմանաչափերը, որոնց գերազանցման դեպքում գերազանցված չափերի համար ավելացված արժեքի հարկ էր հաշվարկվում: Նա հիշեցրեց, որ այդ չափը 25 կգ-ից դարձավ 50 կգ, որը բացասական ազդեցություն ունեցավ շուկայի վրա. «Մասնավորապես մեր քաղաքացիները փորձեցին ուղեկցող բեռների անվան տակ ներմուծել ակնհայտ բիզնես մտադրությամբ ներմուծվող ապրանքներ: Շատ տնտեսվարողների իրենց ապրանքների ներմուծման ժամանակ մինչև սահմանը հատելը ֆիզիկական անձանց ուղղորդում էին, որ նրանք 50 կգ-ներով այդ ապրանքը ներմուծեն որպես ուղեկցող բեռ: Սա ներքին շուկայի համար շատ մեծ ցնցումներ առաջացրեց և մեծ մտորումների տեղիք տվեց: 2018-ի նոյեմբերի 1-ին փոփոխվեց և սահմանաչափը նորից 50 կգ-ից իջավ 25 կգ-ի: 2019-ի հունվարի 1-ից իմպերատիվ սկսեցինք կիրառել դա մաքսատուրքերի գանձման համար»,-ասաց Անանյանը: «Օրինակ միս և մսային որոշ ենթամթերքների համար սահմանված է 30 կգ, մենք իջեցնում ենք 25 կգ-ի: Ձկներ, խեցգետնանմաններ, կակղամորթներ ներմուծելիս սահմանաչափը 30 կգ-ից նվազեցնում ենք 25 կգ-ի: Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր ապրանքների համար ևս սահմանաչափը 30-ից դարձնում ենք 25 կգ: Սուրճ ու թեյ ներմուծելու համար սահմանաչափը 15 կգ-ից դարձնում ենք 10 կգ»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ փոփոխությունների հիմնական նպատակը ստվերային տնտեսության դեմ պայքարն է: «Այս փոփոխությունը այն դեղատոմսը չէ, որ լրիվ կարգավորելու է այս հարցը: Դրա համար նախորդ տարվա հոկտեմբերին սահմանեցինք այնպիսի նորմ, որով ՊԵԿ նախագահին իրավասություն տվեց գաղտնի պրոֆիլներ սահմանել, որով կարող ենք կարգավորել հաճախականությունների հարցը: Ներկայումս սահմանափակում չկա, թե նույն անձը քանի անգամ կարող է 50 կամ 25 կգ բեռ ուղեկցել Հայաստան: Մենք անձի նկատմամբ սահմանելու ենք ամսական հաճախականությունների քանակ և իրականացնելու ենք հսկողություն»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահը:

Նմանատիպ նյութեր