8959 դիտում
23:28 10-02-2020
Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը նորոգվում և արդիականացվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ամեն թատրոն պետք է ունենա իր ձեռագիրը». ռեժիսոր-բեմադրիչ, դերասան Հրաչյա Ղափլանյանն իրեն հետապնդող այս մտքի հետքերով 1967 թվականին հիմնադրեց Երևանի դրամատիկական թատրոնը: Բեմը լցվեց երևակայության նրա գույներով՝ երիտասարդական անմիջականությամբ ու անկեղծությամբ, որը դարձավ յուրօրինակ կնիք:
Թատրոնի անձնակազմը հիմա սպասում է շենքի նորոգմանը՝ նշելուՂափլանյանի 95 և նրա անունը կրող թատրոնի 50-ամյա հոբելյաները:
«Այս շենքը եղել է մամուլի կոմիտեի նիստերի դահլիճը: 1968 թվականից մտել ենք այս շենք և այլևս դուրս չենք եկել: Եվ արդեն 50 տարի փորձում ենք այս շենքը թատրոնի շենք դարձնել: Մինչև օրս այստեղ չկա անգամ օդափոխություն»,- նշում է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը:
Վերջին անգամ թատրոնը նորոգվել է շուրջ 20 տարի առաջ: Համայնքի ենթակայությամբ գործող դրամատիկականում, չդադարող փորձերին զուգահեռ, շինարարական աշխատանքներ են: 2019թ. Երևանի ավագանին հաստատեց բյուջեի փոփոխված տարբերակը, որով էլ 157 մլն դրամ հատկացվեց թատրոնի վերանորոգմանն ու վերազինմանը:
«Մենք խիստ կարևորում ենք մշակութային կազմակերպությունների տեխնիկական և գույքային միջոցների և առհասարակ պայմանների արդիականացումն ու բարելավումը: Սա կարևոր է, որովհետև Երևանի մի շարք թատրոններ և թանգարաններ չունեն այն պայմանները, որոնք հարիր են 21-րդ դարին, և մենք սկսել ենք Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից»,-ասում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Թատրոնի համար առաջնային խնդիրը օդափոխության համակարգի անցկացումն է՝ դահլիճում, փորձասենյակներում և հանդերձասենյակներում:
«Մեր սիրելի փոքրիկ դահլիճը մի մեծ թերություն ուներ. մայիսի կեսերից արդեն չէինք կարողանում խաղալ, որովհետև շատ շոգ էր, օդափոխություն չկար: Հիմա լիովին նոր օդափոխության համակարգ է անցկացվում, որը հնարավորություն կտա հանգիստ խաղալ, ձմռանն էլ տաք կլինի»,- նշում է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը:
«Բոլորը սպասում են, թե երբ է լինելու այն ամենը, ինչի մասին տարիներով սպասել և երազել ենք»,-հավելում է վաստակավոր արտիստ Արտաշես Մխիթարյանը:
Շուրջ 300 հոգու համար նախատեսված դահլիճը հանդիսատեսին կներկայանա ավելի հարմարավետ պայմաններով: Հարդարումից հետո դահլիճում և ամֆիթատրոնում կտեղադրվեն նոր բազկաթոռներ, կփոխվի բեմի վարագույրը, կթարմացվեն նաև միջանցքները:
Վերանորոգումից հետո հանդիսատեսին կդիմավորեն լուսային ու ձայնային նոր հնարավորությունները: Աշխատանքների ընթացքին փոխքաղաքապետը ծանոթացել է տեղում:
«Այն տեխնիկական միջոցները, որով աշխատում էր դրամատիկական թատրոնը՝ անալոգային, հնարավորություն չէին տալիս ցուցադրել ամբողջ ստեղծագործական ներուժը: Մենք բոլորը փոխում ենք տեխնիկայի վերջին շնչով և վստահորեն կարող ենք ասել, որ նոր տեխնիկան լավագույնն է Հայաստանում: Մասնագետներն այսուհետ հնարավորություն կունենան իրենց երևակայությունը լավագույնս ներկայացնել բեմում»,-ընդգծում է Տիգրան Վիրաբյանը:
Ներկայացման ժամանակ բոլոր լույսերը կմիանան, կփոփոխվեն ու կանջատվեն լույսերի կառավարման՝ Հայաստանում առաջին ու առայժմ միակ այս համակարգով: Ձեռքի ընդամենը մեկ սեղմում, և ներկայացման ամբողջ ընթացքում լուսային ձևավորումը կապահովվի նախապես որոշված ծրագրով: Թվային նոր համակարգով կաշխատեն նաև հնչունային մասնագետները:
«Ունենալու ենք գունեղ և նոր շնչով ձևավորված ներկայացումներ: Վահանակը կարող է սպասարկել Երևանի բոլոր թատրոնները: Բացի այդ, ձայնային և լուսային համակարգերը կարող են նաև միասին աշխատել, որը շատ կարևոր է, օրինակ, մյուզիքլների ժամանակ»,-ասում է թատրոնի աշխատակից Վահագն Միքայելյանը:
Վերազինման ծրագրով նոր տեխնիկայով է հագեցել նաև թատրոնի լուսանկարչական ստուդիան: Թատրոնի ամբողջ տարածքը կունենա տեսահսկման նոր համակարգ:
Դրամատիկականի խաղացանկում կա 20 անուն ներկայացում: Նորոգումից հետո թատրոնը հանդիսատեսին կդիմավորի նոր ներկայացումներով՝ դառնալով քաղաքի մշակութային զարկերակներից մեկը:
«Կարծում եմ՝ մարտին կկարողանանք ամբողջական ծավալով ավարտել աշխատանքները, որից հետո թատրոնը հանդիսատեսի առջև կրկին կբացի դռները, և կմեկնարկի նոր թատերաշրջանը»,-հավելում է փոխքաղաքապետը:
Աշխատանքներն ավարտվելուց հետո դրամատիկականի արդեն նախկին, բայց պիտանի սարքավորումներն ու գույքը կհանձնվեն «Մ. Մկրտչյան արտիստական» թատրոնին:
2020 թվականին քաղաքային ծրագրերը մշակութային կենտրոնների կենսագրությունում կբացեն նոր էջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
906 դիտում
17:39 01-02-2023
Գրիգոր Խաչատրյանը նշանակվել է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր
Այս բաժնից
649 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
913 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1138 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ