211652_close_icon
views-count2491 դիտում article-date 19:50 07-02-2020

Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Միխայիլ Մյասնիկովիչին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքներում: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար կարեւոր կազմակերպություն է, եւ ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովի ժամանակ, որը կայացել է անցյալ տարի Երեւանում, նախանշվել են կառույցի առաջնահերթությունները, ընդլայնվել է գործողությունների աշխարհագրությունը, Իրանի հետ համագործակցության նոր ուղղություններ են նախանշվել, ինչպես նաեւ կնքվել է Սինգապուրի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր ու այս երկու ուղղությունները շատ կարեւոր կլինեն: Միխայիլ Մյասնիկովիչը բարձր է գնահատել Հայաստանի հետ ձեւավորված հարաբերությունները: Ընդգծելով Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի բարձր հեղինակությունը կազմակերպությունում՝ նա քննարկել է ԵԱՏՄ ներսում եւ միջազգային հարթակներում կառույցի առջեւ ծառացած մի շարք հարցերի լուծման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի աջակցության հնարավորությունը: Զրուցակիցները խոսել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում օրենսդրական դաշտի հարմոնիզացիայի մասին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը հայտնել է, որ մշակվում է ԵԱՏՄ-ի ռազմավարության նախագիծ եւ շատ ուրախ կլինեն, եթե այն աջակցություն ստանա նաեւ խորհրդարանական մակարդակում: Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ, հաշվի առնելով հայկական խորհրդարանականների հեղինակությունը միջազգային հարթակներում, խնդրում է մեր խորհրդարանականների աջակցությունը համապատասխան առաջարկների դեպքում: Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված եւ բաց է բոլոր ուղղություններով համագործակցության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր