211652_close_icon
views-count3503 դիտում article-date 15:46 07-02-2020

Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Սյունիք և Վայոց ձոր. գյուղապահովագրությունն արդեն հասանելի է բոլոր մարզերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շարունակվում է հանրապետության մարզերում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի ներկայացման գործընթացը: Հանրային իրազեկման արշավի շրջանակում փետրվարի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները Գորիսում հանդիպում են ունեցել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանն իր ելույթի սկզբում ընդգծել է համայնքապետերի կարևոր դերը ֆերմերներին այդ տեղեկատվության հասանելիության ապահովման հարցում: Իռա Փանոսյանը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է պետօժանդակության ծրագրերը՝ հատուկ անդրադարձ կատարելով հատկապես նոր նախաձեռնություններին, այդ թվում՝ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման, փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների հիմնման, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրմանը: Ընթացիկ ծրագրերի թվում Իռա Փանոսյանը նշել է նաև «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որը թե՛ ֆիզիկական և թե՛ իրավաբանական անձանց կարող է ծառայել բոլոր ուղղություններով գյուղատնտեսության գործունեություն իրականացնելու համար: Ըստ նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանի՝ Սյունիքում ձևավորվել է կարծիք, որ մարզում այգեգործությունն ու ջերմոցային արտադրությունն այդքան էլ արդյունավետ չեն, և ֆերմերները նախընտրում են զբաղվել անասնապահությամբ, մասնավորապես՝ տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ: Մինչդեռ, ըստ նրա՝ այգեգործության ոլորտում հնարավոր է հաջողության հասնել բարձր բերքատվություն ապահովող սորտերի ճիշտ ընտրության շնորհիվ: Նա մարզում հեռանկարային է համարել նաև ջերմոցաշինության ոլորտը. «Ունենալով ջերմոցային տնտեսություններ՝ ֆերմերները կկարողանան ապահովել մարզի ներքին շուկայի սպառումը, և, ինչու չէ՝ վաճառք իրականացնել նաև Արցախում», - նշել է Դավիթ Դավթյանը և հավելել, որ Սյունիքի մարզում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար ևս առկա են բարենպաստ պայմաններ: Իրազեկման արշավի շրջանակում հաջորդ հանդիպումը կայացել է փետրվարի 6-ին՝ Եղեգնաձոր քաղաքում: Միջոցառմանը ներկա էր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Ողջունելով հանրային իրազեկման այս նախաձեռնությունը՝ մարզպետը հորդորել է համայնքների ղեկավարներին առավելագույնս տեղեկանալ ծրագրերի պայմաններին, որպեսզի հետագայում կարողանան իրենց համայնքներում ճիշտ ուղղորդել շահագրգիռ ֆերմերներին: Հանդիպման ընթացքում պետօժանդակության ծրագրերի պայմաններից ու մասնակցության ընթացակարգից բացի՝ Իռա Փանոսյանը ներկայացրել է, թե ինչպես կարելի է գյուղատնտեսության ոլորտում առավել արդյունավետ գործունեություն ծավալել՝ զուգահեռաբար օգտվելով մի քանի ծրագրից: Անդրադառնալով գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին՝ Իռա Փանոսյանը տեղեկացրել է, որ ծրագրի սկզբնական փուլում ապահովագրվում էր միայն երկու մշակաբույս՝ խաղողը և ծիրանը, և արդեն իսկ մեկնարկել է աշնանացան ցորեն/գարի, գարնանացան ցորեն/գարի, դեղձ և խնձոր մշակաբույսերի պոլիսների վաճառքը: Նա հիշեցրել է, որ ընթացիկ գյուղատնտեսական տարում խաղողի և ծիրանի համար ապահովագրական պայմանգիր կնքելու ժամկետներն են՝ կարկուտի և հրդեհի դեպքում՝ մինչև 2020 թվականի մարտի 25-ը, իսկ գարնանային ցրտահարման դեպքում՝ մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը: Ծրագրի ընդլայնված տարբերակով խնձորի համար (կարկուտ) ապահովագրական պայմանգիր կնքելու վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 20-ը, դեղձի համար (կարկուտ և հրդեհ)՝ մարտի 20-ը, դեղձի համար (գարնանային ցրտահարում)՝ փետրվարի 15-ը, աշնանացան ցորեն/գարի (կարկուտ և հրդեհ)՝ մայիսի 1-ը, գարնանացան ցորեն/գարի (կարկուտ և հրդեհ)՝ նույնպես մայիսի 1-ը: Իրազեկման արշավը կշարունակվի հանրապետության մյուս մարզերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր