9407 դիտում
22:01 01-02-2020
Ինչո՞ւ չեղարկվեց Ջամալայի համերգը Երևանում. «Դրիմ փրոջեքթ»-ը պարզաբանում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Փետրվարի 14-ին Երևանում «Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ առաջին անգամ պետք է կայանար հայտնի երգչուհի Ջամալայի մենահամերգը, սակայն երգչուհու պաշտոնական էջում երեկ հրապարակվեց տեղեկություն, որ համերգը չի կայանալու։
Բացի այդ, 168.am-ին երգչուհու PR տնօրեն Դենիս Կոզլովսկին հայտնել էր, որ Ջամալայի Երևանում կայանալիք համերգի համար հարցում եղել է, բայց կազմակերպիչներն այն չեն հաստատել։
«Դրիմ փրոջեքթ»-ի ներկայացուցիչ Հայկ Անդրեասյանը, պարզաբանելով ստեղծված իրավիճակը, նշում է, որ խնդիրն առաջացել է Ջամալայի ներկայացուցիչների ուղարկած ադրբեջանական բանկի հաշվեհամարից:
«Համերգի համար, երբ որ առաջին պայմանագիրը իրենք ուղարկեցին, նշված էր, որ 2019-ի դեկտեմբերի 17-ին մենք կանխավճար պետք է փոխանցեինք, բայց քանի որ առջևում Ամանորն էր, մենք պայմանավորվեցինք փոխանցումը կատարել հունվարի 10-ին, իրենք համաձայնվեցին:
Խնդիրն առաջացել է նրանից, որ Ջամալայի ներկայացուցիչները մեզ ուղարկել են ադրբեջանական բանկի հաշվեհամար, չնայած, որ բանկը գտնվում է Լոնդոնում, բայց Բաքվի ''MuganBank''-ն է:
Դե, բնակաբար, Հայաստանից Ադրբեջան փոխանցում հնարավոր չեղավ իրականացնել։
Հետո մենք խոսեցինք իրենց հետ, բացատրեցինք իրավիճակը, նրանք մեզ առաջարկեցին գնալ Թիֆլիս և այնտեղ առձեռն տալ մի մարդու այդ գումարը, բայց այդպես մենք չհամաձայնեցինք: Առաջարկեցինք, որ մեզ տրամադրեն այլ բանկի հաշվեհամար:
Սպասեցինք , որ մեզ ուղարկեն նոր հաշվեհամար այլ բանկից, որը նրանք տրամադրել են 3 օր առաջ: Մենք նոր հաշվեհամարով կազմեցինք պայմանագիրը, ուղարկեցինք, որ հաստատեն: Բայց առանց մեզ պատասխանելու նրանք չեղարկեցին համերգը, որի մասին մենք ինքներս տեսանք Ջամալայի էջում»,- ասաց Հայկ Անդրեասյանը:
«Դրիմ փրոջեքթ»-ի ներկայացուցիչը նաև կարևորեց այն, որ տոմսերի վաճառքը սկսվել է միայն այն բանից հետո, երբ Ջամալայի պաշտոնական էջում իրենց կողմից տեղադրվել էր Երևանում կայանալիք համերգի մասին տեղեկությունը:
«Իրենց հետ ընթացող բանակցությունների բոլոր մանրամասները մեզ մոտ կա՝ ուղարկված պայմանագրերը, նկարները և շատ այլ մանրամասներ:
Քանի որ հաշվեհամարի խնդիրն էր միայն, որը իրենց կողմից էր առաջացել, ապա երկկողմանի որոշվեց, որ տոմսերի վաճառքն արդեն կարող ենք սկսել միչև այդ հարցի կարգավորումը:
Այն պահից, երբ Ջամալայի պաշտոնական էջում տեղադրվեց պաստառն առ այն, որ Ջամալան այստեղ կունենա համերգ, սկսվեց տոմսի վաճառքը: Իր էջից ուղիղ հղումով անցնելով Tomsarkgh.am՝ մարդիկ գնում էին տոմսեր:
Առանց իր պաշտոնական էջի հայտարարության մենք չէինք կարող սկսել գովազդային արշավը: Ասեմ ավելին՝ մենք ամբողջությամբ իրենց թելադրած կանոնակարգով ենք շարժվել»-հավելեց Հայկ Անդրեասյանը:
Նա նաև նշեց, որ ամբողջ խնդիրը միայն ադրբեջանական բանկի հետ էր կապված, և նրանց կողմից անսպասելի չեղարկումը անհասկանալի էր, իսկ բոլոր նրանք, ովքեր ձեռք են բերել տոմսեր, կարող են վերադարձնել և վերցնել գումարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1417 դիտում
08:32 04-11-2023
Ինչո՞ւ չեղարկվեց ՀՀ ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը. «Փաստ»
1647 դիտում
13:12 18-07-2019
Վառելափայտին այլընտրանքի արտադրության հարցում կառավարությունը «փրոջեքթ-մենեջերի» դեր կկատարի
1388 դիտում
14:29 30-07-2021
Համագործակցության հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ Հարմոնիի» միջև
Այս բաժնից
9483 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին