115618 դիտում
17:19 29-01-2020
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մարզի հարկային ծառայության պետի ավտոմեքենան բախվել է ողբերգական ավտովթարից մահացած 2 երիտասարդների անվամբ տեղադրված շիրմաքարին և հայտնվել ճահճուտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում 27-ամյա Սերգեյ Դարչինյանը իր վարած Toyota Corolla 096 BB 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Արտաշատ քաղաքի մուտքի մոտ գտնվող կամրջի հարևանությամբ, բախվել է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 2 երիտասարդ տղաների անունով տեղադրված հուշաքարին, մասամբ վնասել այն և հայտնվել ձորակում՝ ճահճուտի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված համարանիշները հաշվառված են ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության թիվ 9 (Արարատի) բաժնի պետին:
Վերջինս վթարի պահին ավտոմեքենայում չի եղել:
Ավտոմեքենան քարշակի միջոցով դուրս բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+