211652_close_icon
views-count2193 դիտում article-date 17:28 24-01-2020

Ցմահ դատապարտյալի գործով դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացվել

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վ. Ղ.-ի վերաբերյալ կայացված դատավճիռը բեկանելու հարցով: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. օգոստոսի 5-ի դատավճռով Վ. Ղ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար և դատապարտվել ցմահ ազատազրկման: Դատարանը հիմնավորված է համարել, որ 2003թ. մարտի 27-ին Վ. Ղ.-ն սկզբից մեկ այլ անձի հետ, ապա միայնակ՝ Է. Մ-ին ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս, ինչի հետևանքով ստացված բազմաթիվ վնասվածքներից Է.Մ.-ն տեղում մահացել է, իսկ Վ. Ղ.-ն դեպքի վայրից հեռացել է: Դատավճիռը հետագայում մի քանի անգամ բողաքարկվել է ՀՀ վերաքննիչ, ՀՀ վճռաբեկ դատարաններում, սակայն տարբեր պատճառաբանություններով, այդ թվում նաև բողոքարկման դատավարական ժամկետների բացթողնման, թողնվել է անփոփոխ: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. հուլիսի 26-ի որոշմամբ, 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով, Վ. Ղ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. օգոստոսի 5-ի դատավճիռը համապատասխանեցվել է 2011թ. մայիսի 23-ին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-143-Ն օրենքով ընդունված և 2011թ. մայիսի 25-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին, իսկ դատավճռով նշանակված պատիժը թողնվել է անփոփոխ: ՀՀ գլխավոր դատախազությունում գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, իսկ դատավարական իրավունքի հիմնարար խախտումների արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես՝ կրկնակիության ինստիտուտի ապաքրեականացման կապակցությամբ վե­րա­­­նայելով կայացված դատավճիռը՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Վ.Ղ.-ի մեղադրանքից հանել է կրկնա­կիու­թյան ծանրացուցիչ հանգամանքը, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդ­վածի 2-րդ մասի 15-րդ կետը, որից հետո առանց հիմնավոր պատճառաբանության, նրա արարքը համապատասխանեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին: Մինչդեռ Վ.Ղ-ն ենթակա չի եղել պատժի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, քանի որ վերջինս իրեն վերագրված հանցանքը կատարել է 2003թ. մարտի 27-ին, այսինքն՝ 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործո­ղության ժամանակ: Այդ օրենսգրքով սպանությունը մի խումբ անձանց կամ կազմա­կերպված խմբի կողմից կատարելը չի հանդիսացել սպանության ծանրացուցիչ (որակյալ) հանգամանք: Որպես ծանրացուցիչ հանգամանք այն քրեականացվել է 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով: ՀՀ սահմանադրական դատարանի 2018թ. հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով ժամկետային սահմանափակում է նախատեսում անձի իրավական վիճակի բարելավմանն ուղղված առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման համար, ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր: Դրա արդյունքում անձի վիճակը բարելավող հիմքով բողոք բերելու լիազորությամբ օժտված անձինք այլևս կաշկանդված չեն բողոք բերելու համար նախատեսված ժամկետային սահմանափակմամբ: Ելնելով գործի վերոնշյալ փաստական հանգամանքներից, ինչպես նաև հիմնվելով ՍԴ նշված որոշման վրա՝ Վ. Ղ.-ի վերաբերյալ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 5-ի դատավճիռը բեկանելու պահանջով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Նմանատիպ նյութեր