6514 դիտում
13:10 24-01-2020
Հայկ Մարությանն այցելել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինհրապարակ
Երևանի օղակաձև ճանապարհի արևմտյան հատվածում, չնայած ձմեռային տարեշրջանին, շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։ Արգավանդ-Շիրակ ճանապարհը կունենա 2.7 կմ երկարություն, 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ: Այն իրար կկապի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները: Ծրագրի ընթացքին աշխատանքային այցի ժամանակ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Սա մեր կարևորագույն ծրագրերից է, որը պետք է բեռնաթափի քաղաքը, նաև տա այլընտրանքային ճանապարհներ՝ քաղաքի տարբեր հատվածներ հասնելու համար: Հաշվի առնելով տրանսպորտային այն միջոցների քանակը, որը ներկրվեց վերջին երկու տարվա մեջ, սա ավելի քան անհրաժեշտություն է, սա արդեն կենսական խնդիր է Երևանի համար»,- նշում է քաղաքապետը:
Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարեվերջին՝ Ասիական զարգացման բանկի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» տրանշ 2-ի ֆինանսավորմամբ։
Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանը տարբեր ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Որպես առանցքային քայլ՝ քաղաքապետ Մարությանը նաև տրանսպորտային նոր ցանցի ներդրումն է համարում:
«Քաղաքը բեռնաթափելն այսօր բոլոր մեծ քաղաքների խնդիրն է, և Երևանը նույնպես դուրս չմնաց այդ ցուցակից: Այստեղ լուծումը միայն ճանապարհաշինությունով չի ավարտվում. լուծումները պետք է համալիր լինեն: Ինձ համար, նաև ամբողջ աշխարհում դա այդպես է՝ այդ ամեն ինչի առանցքում ընկած է տրանսպորտային ցանցը: Ուստի, մենք այս ճանապարհաշինությանը համատեղ, զուգահեռ պետք է շատ կոնկրետ և արագ լուծում տանք մեր նոր տրանսպորտային ցանցի խնդրին: Այս պահին ամեն ինչ անում ենք, որ այս երկու գործընթացները զուգահեռաբար ավարտենք»,-նկատում է Հայկ Մարությանը:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հատման ճանապարհային հանգույցում։ Այս պահին շինարարները կառուցում են կամրջի հիմքերը: Նոր կամուրջն, ի դեպ, կունենա անձրևաջրերի մաքրման հատուկ կայան, որը հնարավորություն կտա զտել անձրևաջրերը՝ դրանք գետ լցնելուց առաջ:
Ծրագրի ընթացքում կտեղափոխվեն անհրաժեշտ բոլոր հաղորդուղիները, իսկ լուսավորության համակարգում կտեղադրվեն էներգախնայող LED լուսատուներ: Իսպանական «Լևանտինա ինխենեյրիա կոստրուցիոն» ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին վստահեցնում է, որ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում: Շինարարությունը կտևի 21 ամիս:
Դեպի Արգավանդի խճուղի ձգվող ճանապարհն այնուհետ կմիանա Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածին: Ճանապարհի այդ հատվածը կունենա 9,4 կմ երկարություն, 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ:
Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել 2020թ.: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն և իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
7967 դիտում
14:32 24-03-2016
Ստորագրվել է Արգավանդ - Շիրակ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը
2076 դիտում
14:01 04-06-2022
Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը
27131 դիտում
20:56 11-09-2019
Հրազդան գետի վրա 252 մետրանոց կամուրջ կկառուցվի. մեկնարկել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»