211652_close_icon

Գրականությունը մատչելի կդառնա կույրերի համար. Հայաստանը կմիանա Մարաքեշի պայմանագրին

views-count2499 դիտում article-date 15:16 16-01-2020
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրին միանալու հարցին: Հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Ավագ Ավանեսյանը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ միջազգային գրականության միայն երկու տոկոսն է հասանելի կույրերին կամ տեսողության որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց համար: Նշենք, որ 2013 թվականի հունիսի 27-ին Մարաքեշում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ընդունվել է «Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը: Պայմանագրի ընդունումը նպատակ ունի ապահովելու կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության այլ դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելի ձևաչափով օրինակների մատչելիությունը: Մարաքեշի պայմանագրով հնարավորություն է տրվում` 1. շահառուներին օգտվելու ստեղծագործություններից հասարակության մյուս անդամների հետ հավասարապես, 2. շահառուներին ապահովելու հասանելի ձևաչափով կրթական նյութերի մատչելիությունը, 3. շահառուների մասնակցությունն ու ներգրավվածությունը մշակութային և սոցիալական կյանքին: Փոխնախարարը նշեց, որ եթե Հայաստանը միանում է այս պայմանագրին, ապա եթե որեւէ շահույթ չհետապնդող կազմակերպություն ցանկանում է կույրերի համար գիրք հրատարակել, ապա նա պարտավոր չի լինի որևէ վճար իրականացնել սեփականատիրոջը կամ հեղինակին: «Այս պայմանագիրը թույլ է տալիս առանց հեղինակի սեփականության իրավունքի թույլտվության, համապատասխան գործողությունն իրականացնել. «Համաձայնագրի դրույթները տարածվում են նաև գրադարանների վրա»,- ասաց նա: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ սա ևս մեկ համարձակ քայլ է կառավարության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, նրանց սոցիալական ներառումն ապահովելու ուղղությամբ. «Գրականության մատչելի դարձնելը չի ենթադրում միայն բրալյան գրքեր, այն ենթադրում է նաև խոսող գրքեր, գունային տարբեր գամմաներով նկարազարդումներ»:

Նմանատիպ նյութեր