211652_close_icon
views-count2467 դիտում article-date 16:43 13-01-2020

Ռոման Բերեզովսկի. Ինձ համար սա մարտահրավերի պես մի բան է

«Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին: «Ինձ համար առաջին հերթին կարևոր էր իմ` որպես մարզիչ զարգանալը և կոնկրետ նպատակների հասնելը: Ես ունեմ ֆուտբոլի իմ տեսությունը, ընկալումը և կցանկանայի դրանք կյանքի կոչել: «Սոչի» ՖԱ-ում հնարավորություն ստացա 3 շաբաթ գլխավորել թիմը: Զգացի, որ դա, երևի, իմ գործն է: Ինձ համար դա մարտահրավերի պես մի բան է: Եթե Աստված չանի չհաջողեմ, երևի, վերջ դնեմ այս գործունեությանը: Հուսով եմ և վստահ, որ ամեն բան լավ է լինելու»,- ասել է Բերեզովսկին ու խոսել թիմից ստացած առաջին տպավորությունների մասին. «Շատ հաճելի տպավորություն ստացա իմ հարազատ վայրից` Երևանից, այսպիսի ընկերասեր, համախմբված թիմից, որը համալրված է նման պրոֆեսիոնալներով`սկսած ֆուտբոլային ակումբի աշխատակիցներից, և ֆուտբոլիստներից, ովքեր բավականին լավ մակարդակ ունեն: Միայն լավ տպավորություններ ունեմ»: Ռոման Բերեզովսկին նաև նշել է, որ ցավոք, չի կարողացել հետևել թիմի ելույթներին, քանի որ նախկին աշխատանքը շատ ժամանակ է խլել. «Մակերեսորեն ծանոթ էի ակումբին, գիտեի, որ վերջին շրջանում այնքան էլ լավ արդյունքներ չեն գրանցել, ինչն այնքան էլ հաճելի չէր»: Խոսելով Ռոման Բերեզովսկի մարզչի փիլիսոփայության և նպատակների մասին` Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահը մասնավորապես ասել է. «Կարծում եմ` դաշտում առաջնահերթ պետք է համախոհներ լինեն և նույն կերպ հասկանան խաղը, ինչպես նվագախմբում, երբ բաժանում են նոտանետը, յուրաքանչյուրը գիտի, թե ինչ պետք է անի: Նույն բանն էլ ֆուտբոլային դաշտում է. յուրաքանչյուրն իր դիրքի համաձայն պետք է հասկանա, թե ինչպես գործել այս կամ այն իրավիճակում: Իմ առջև որևէ առաջադրանք չի դրվել, բայց ես հասկանում եմ, թե որն է նպատակը և ինչի պետք է ձգտենք, հատկապես առաջիկա երեք խաղերում: Ավելի հեռուն նայել պետք չէ. մեր հիմնական առաջադրանքն առաջիկա երեք խաղերն են»: Ռոման Բերեզովսկին կարծիք է հայտնել նաև հավաքականում իր նախկին թիմակից Ռոբերտ Արզումանյանի մասին, որն այժմ ընդգրկված է «Փյունիկի» իր մարզչական շտաբում. «Կարծում եմ ` նա շատ լավ է հասկանում խաղը, դաշտում մենք իրար բավականին մոտ էինք խաղում, կարծում եմ`կլրացնենք իրար, ինչպես դաշտը ճանաչելով, այնպես էլ`մեր աշխատանքում»: Հայաստանի հավաքականի նախկի դարպասապահը խոսել է նաև Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին. «Վերջերս եմ եկել Հայաստան ու այսուհետ մշտապես այստեղ եմ լինելու: Արդեն իսկ դրական լիցքեր եմ ստանում` զգալով ինձ շրջապատողների սերը ինչպես փողոցում, այնպես էլ ցանկացած այս վայրում: Հիշում եմ 90-ականների սկիզբը, դժվար ժամանակահատված էր, որին ես էլ որոշակիորեն ականատես եմ եղել: Հիմա ամեն բան լավ է Հայաստանում, հույս ունեմ`էլ ավելի լավ կլինի»: Բերեզովսկին նաև պատմել է, թե ինչն է ամենից շատ ասոցացնում Հայաստանի հետ. «Դպրոցական տարիները, որոնք այստեղ եմ անցկացրել, հրաշալի մթերքները, որ չես գտնի աշխարհի ոչ մի տեղում, կլիման և ամենակարևորը մարդիկ են, որ ապրում են այստեղ: Հայաստանում ամենասիրելի վայրը Երևանն է: Ինձ համար թանկ է Երևանում, Նոր Նորքը, որտեղ ապրել եմ, քաղաքի կենտրոնը, Հանրապետության հրապարակը»,- ասել է Ռոման Բերեզովսկին:

Նմանատիպ նյութեր