211652_close_icon
views-count1860 դիտում article-date 11:25 09-01-2020

Ամերիկացի լրագրողները ճշմարտությունը բացահայտելու ավելի լայն հնարավորություն ունեն, քան իրանցի գործընկերները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իրանական քարոզչությունն ասում է, որ նախորդ գիշեր Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման ժամանակ սպանվել է ամերիկացի 80 զինծառայող: Ամերիկյան քարոզչությունն ասում է, որ ոչ միայն ոչ ոք չի տուժվել, այլև ռազմաբազաներին ոչ մի վնաս չի հասցվել: Եվ ընդհանրապես, ըստ այդ քարոզչության, Իրանն ունի սխալ բալիստիկ հրթիռներ, որոնք «ծուռ են թռնում» և սխալ տեղեր են ընկնում: Իսկ դավադրապաշտական քարոզչությունը, որն առավել հարգի է հայերի շրջանում, ասում է, որ իրանցիները հատուկ են «ծուռ խփել»՝ նրանց պետք էր ցույց տալ, որ վրեժ են լուծում, իսկ մյուս կողմից՝ նրանք ի վիճակի չեն լուրջ պատերազմի մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ: Կառավարությունները երբեք ճշմարտությունը չեն ասում իրենց ժողովուրդներին: Նրանք ասում են այն, ինչ իրենց է ձեռնտու և այն, ինչ իրենց ներկայացնում է «հերոսական նվաճումների» լույսի տակ: Դա շարունակվում է առնվազն 2,5 հազարամյակ, և ոչ մի նշույլ չկա, որ երբևէ կդադարի: Իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում, շատ դժվար է: Թվում է, թե այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները նպաստում են կառավարությունների թափանցիկությանը, բայց դա էլ բացարձակ ճշմարտություն չէ: Իհարկե, լինում են դեպքեր, երբ այս կամ այն երկրում իշխանության են գալիս իդեալիստները և քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ: Դեռևս 1970-ականների սկզբին Չիլիի նախագահ Սալվադոր Ալյենդեի նախաձեռնությամբ ստեղծվել էր «Կիբերսին» համակարգը, որի միջոցով,սոցիալիստ ղեկավարի մտահղացմամբ, խոշոր գործարանների բանվորները պիտի կարողանային մասնակցել իրենց ձեռնարկությունների կառավարմանը: Ալյենդեի նախաձեռնությամբ մշակված էր նաև հատուկ գործիք, որը հնարավորություն էր տալիս ցանկացած քաղաքացու իրական ժամանակի ռեժիմով գնահատել կառավարության աշխատանքը: Ալյենդեի իշխանությունն ավարտվեց այնպես, ինչպես սովորաբար ավարտվում է ցանկացած իդեալիստի իշխանություն, իսկ նրան փոխարինած Պինոչետը վերացրեց այդ համակարգերը և սկսեց խաղալ ավանդական կանոններով: Սոցիալական ցանցերը, սակայն, այսօր ավելի շուտ խճճում են ճշմարտությունը, քան օգնում են դրա բացահայտմանը: Սոցցանցերի միջինացված սպառողը դյուրահավատ է, չունի քննադատական մտածողություն, հեշտությամբ է ընկնում ազդեցությունների տակ և ենթարկվում է մանիպուլյացիաների: Ճշմարտությունն իմանալու պահանջարկը զգալիորեն նվազել է: Բայց իրականությանը բաց աչքերով նայել ցանկացողներ, այնուամենայնիվ, կան, և նրանք աշխարհի մասշտաբով հարյուր միլիոնավոր մարդիկ են: Նրանց համար են աշխատում լրագրողները: Իսկ կոնկրետ այս պարագայում ամերիկացի լրագրողները, հայտնի պատճառներով, ճշմարտությունը բացահայտելու շատ ավելի լայն հնարավորություն ունեն, քան նրանց իրանցի գործընկերները: Սակայն Միացյալ Նահանգները նույնպես պետք չէ այդ առումով իդեալականացնել: Այդ առիթով մի դասական պատմություն հիշեցի: 1967 թվականի հուլիսի 4-ին ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնը ստորագրել էր Տեղեկատվության ազատության մասին օրենքը: Այդ առիթով, ելույթ ունենալով Սպիտակ տանը, նա հայտարարել էր. «Տեղեկատվության ազատությունը նույնքան կարևոր է հասարակության համար, որքան ազգային անվտանգությունը: Պետական պաշտոնյաները կամ առանձին քաղաքացիներն իրավունք չունեն որոշելու, թե երբ է պետք այն սահմանափակել»: Այդ բոցաշունչ ելույթից անմիջապես հետո լրագրողներից մեկը հարցրել էր Ջոնսոնին՝ կարելի՞ է ունենալ այդ ճառի պատճենը, և նախագահը կտրականապես մերժել էր այդ խնդրանքը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր