Հանրապետությունում հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Հայաստանում կայուն շարունակվող տաք և չոր օրերը խիստ մտահոգիչ է համարում:
Գագիկ Սուրենյանն այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում.
«Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով։ Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում»,- գրել է Գագիկ Սուրենյանը: