ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ԱԳՆ-ն խորապես մտահոգված է վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով։ Այս մասին այսօր՝ հունվարի 3-ին, ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն:
Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է.
«ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ
Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի:
Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս:
Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:
Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ձեռնարկած հրթիռային հարվածի արդյունքում Բաղդադի օդանավակայանի շրջանում [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/03/1144289/]սպանվել [/url]է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։
Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչության մեջ և հայտարարել, որ «ԱՄՆ-ը իր հանցավոր արկածախնդրության բոլոր հետևանքների համար պատասխանատվություն է կրելու»: