Համացանցում հայտնվել են իրանցի գեներալ Սուլեյմանիի ջոկատի հրթիռակոծման կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ֆիքսվել է Իրանում, «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի խմբին Բաղդադում հրթիռային հարված հասցնելու պահը:
Թեպետ տեսանյութը բավական հեռվից է նկարահանվել, սակայն այնտեղ երևում են բռնկումներ՝ հրթիռային հարվածից հետո: Հարվածը հասցվել է ավտոմեքենաներին, որոնցից մեկում էլ գտնվել է գեներալ Սուլեյմանին:
Ավելի ուշ լրագրողները տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել ամերիկյան հարվածի հետևանքների վերաբերյալ: Մասնավորապես, Սուլեյմանիի ձեռքը՝ մատանիով:
Նշենք, որ Պենտագոնը հաստատել է, որ իր ձեռնարկած հրթիռային հարվածի արդյունքում է Բաղդադի օդանավակայանի շրջանում սպանվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։
Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչության մեջ և հայտարարել, որ «ԱՄՆ-ը իր հանցավոր արկածախնդրության բոլոր հետևանքների համար պատասխանատվություն է կրելու»: