211652_close_icon
views-count2205 դիտում article-date 15:33 31-12-2019

Խաղաղության պարտադրումը շատ ավելի լայն հասկացություն է, բանակն այդ գործընթացում օղակներից մեկն է միայն. Սեյրան Օհանյան

Ավարտին է մոտենում 2019 թվականը, եւ Ամանորի նախաշեմին համացանցը կրկին ողողվում է սիրո, միասնության գովաբանմամբ։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Միանալով բոլոր անկեղծ եւ գեղեցիկ մաղթանքներին՝ ես ուզում եմ ամենից առաջ առանձնահատուկ երախտագիտությամբ եւ գնահատանքով շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր գիշեր ու զօր, իրենց կուրծքը վահան դարձրած, պահպանում են մեր ժողովրդի անդորրը՝ անառիկ պահելով մեր եղբայրների ու որդիների արյունով գծված սահմանը, հողը․ շնորհավորում եմ Հայկական բանակի ողջ անձնակազմին, նրանց սատարող, պետականամետ բոլոր ուժերին, ողջ ժողովրդին։ Մեր հաղթանակած բանակը այսօր էլ հակառակորդին խաղաղություն է պարտադրում, սակայն որքան էլ այն ամուր լինի՝ երկրի թերեւս միակ հենարանը, միակ հավասարակշիռ, վստահելի ուժը, պետք է ընդունել, որ խաղաղության պարտադրումը շատ ավելի լայն հասկացություն է, եւ բանակն այդ գործընթացում կարեւորագույն օղակներից մեկն է միայն։ Դիվանագիտական սկզբունքային, անվրեպ քաղաքականությունը, տնտեսության շարունակական զարգացումը նույնքան էական, վճռորոշ գործոններ են եւ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային բարդ զարգացումների, դեպի մեզ ուղղված արտաքին եւ ներքին սպառնալիքների, հակամարտ ուժերի անհավասարության պայմաններում կանխարգելիչ եւ հակառակորդի ախորժակը զսպող դեր են կատարում։ Ես խորապես հավատում եմ, որ Հայկական բանակը, հայ ժողովուրդը շարունակելու են պատվով դիմակայել մարտահրավերներին`ապահովելով մեր քրիստոնյա պետության արժանի ներկայությունը աշխարհի հզոր տերությունների կողքին։ Կորով եմ մաղթում ձեր ոգիներին, զորություն՝ բազկին․․․ Եվ հավերժ խոնարհվում եմ հանուն հայրենիքի, խաղաղության նահատակված մարտիկների հիշատակի, նրանց հարազատների, մարտերով անցած մեր եղբայրների ու որդիների սխրանքի առաջ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր