211652_close_icon
views-count1645 դիտում article-date 19:45 27-12-2019

Փրկարար ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության խորհրդակցություն, որը վարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց Փրկարար ծառայության ողջ անձնակազմին տարվա ընթացքում կատարված տքնաջան և նվիրված աշխատաքի համար` շեշտելով, որ տարին հագեցած էր արտակարգ պատահարներով և հրդեհներով: Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց փրկարարների գալիք Ամանորը` ցանկանալով առողջություն, խաղաղություն և իհարկե քիչ արտակարգ դեպքեր և պատահարներ: Նախարարը նշեց, որ Լոռու և Տավուշի մարզերում վերջին օրերին բարդ իրավիճակ էր ստեղծվել հրդեհների ակտիվության հետ կապված, և փառք ու պատիվ այն փրկարարներին, ովքեր կարողացան իրավիճակը կայունացնել և կանխել հրդեհների տարածումը: Նախարարը հանձնարարեց տոնական օրերին իրականացվող հերթապահությունը կազմակերպել բարձր մակարդակով: Այնուհետև Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը շարունակեց խորհրդակցությունը` անցնելով գործավարական մասին: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում առաջացած հարցերի և առկա խնդիրների մասին: Մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին իրենց տարածքում գործող հրդեհների և հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ռեսուրսների մասին: Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալը տնօրենին զեկուցեց, որ այս պահի դրությամբ Երևան քաղաքի այն ժամանցային վայրերում, որտեղ մարդկային մեծ կուտակումներ են լինում իրականացվում են հակահրդեհային անվտանգության միջոցների վերաբերյալ ուսումնասիրություններ, և այդպիսի 68 օբյեկտներից 57-ում արդեն իսկ ստուգումներն ավարտվել են: Փրկարար ծառայության տնօրենին զեկուցվեց նաև, որ Երևան քաղաքում առկա 1700 հիդրատներից այս պահին գործում է 326-ը, որոնց միջոցով հնարավոր է կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքներ: Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալը զեկուցեց, որ տոնական օրերին` դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 13-ը, Հանրապետության հրապարակում իրականացվում է հերթապահություն: Դեկտեմբերի 21-ին և 31-ին հրապարակում հերթապահում է 4 մարտական հաշվարկ, իսկ մնացած օրերին` 1 մարտական հաշվարկ: Վրեժ Գաբրիելյանը ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի անունից շնորհակալություն հայտնեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին օդային հետախուզություն կազմակերպելու համար` նշելով, որ այն շատ օգտակար եղավ Լոռու մարզի Շնող գյուղի «Գումբութ» կոչվող սարալանջին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելիս: Անդրադառնալով տոնական օրերի ընթացքում ուժեղացված ծառայությանը` Փրկարար ծառայության տնօրենը նշեց, որ հնարավոր են անակնկալ ստուգումներ` ծառայողների մարտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով: Վրեժ Գաբրիելյանը մարզային բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց կատարել 2019 թվականին իրականացված աշխատանաքների ամփոփում: Փրկարար ծառայության տնօրենը շնորհակալություն հայտնեց բոլորին 2019 թվականի ընթացքում համատեղ գործունեության համար, շնորհավորեց տոների կապակցությամբ և նշեց ամենակարևոր սկզբունքը` ապրելով ապրեցնել մարդկանց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր