211652_close_icon
views-count4384 դիտում article-date 19:49 26-12-2019

Մահացել է Հրաչիկ Կարապետյանը

Կյանքի 86-րդ տարում վախճանվել է ՀԿԿ կենտկոմի, այնուհետև՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործերի կառավարիչ Հրաչիկ Կարապետյանը: «Խորը վշտով և կսկիծով հայտնում ենք, որ դեկտեմբերի 25-ին կյանքի 86-րդ տարում վախճանվել է ՀԿԿ կենտկոմի, այնուհետև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործերի կառավարիչ Հրաչիկ Կարապետյանը: Մեծ ցավով ենք հայտնում մեր գործընկերոջ՝ կյանքից հեռանալու մասին լուրը, գործընկերոջ, ով իր բազմամյա փորձառությամբ և անձնուրաց նվիրումի շնորհիվ անգնահատելի ավանդ է ունեցել նորանկախ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության կազմավորման գործում՝ միաժամանակ հանդիսանալով նաև բարձր պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության օրինակ ԱԳՆ-ում աշխատած և աշխատող բազմաթիվ սերունդների համար»,– ասվում է այս առնչությամբ ԱԳՆ տարածած հայտարարությունում: Հրաչիկ Աշոտի Կարապետյանը ծնվել է 1933թ. Երևան քաղաքում: 1956թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետի երկրաբանության բաժինը: 1962թ. ավարտել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Լենինգրադի ռադիոքիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան: 1974-1988թ. զբաղեցրել է ՀԿԿ կենտկոմի գործերի կառավարչի պաշտոնը՝ միաժամանակ լինելով նաև ԽՍՀՄ արտաքին տնտեսական կապերի նախարարության լիազոր: 1991թ. սկսած աշխատանքային գործունեությունը շարունակել է ՀՀ ԱԳ նախարարությունում՝ որպես ՀՀ ԱԳՆ գործերի կառավարիչ (1991-1993թթ.), ՀՀ ԱԳՆ ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ (1993-1997թթ.), այնուհետև՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարի խորհրդական, վարչատնտեսական բաժանմունքի տնօրեն, իսկ 1998-1999թթ. կրկին նշանակվել է նախարարության գործերի կառավարչի պաշտոնում: 1997թ. շնորհվել է «խորհրդական» դիվանագիտական աստիճան: [b]Հրաչիկ Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, ժամը՝ 18:00-20:00, Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը՝ 12:30-ին, նույն վայրից: [/b]

Նմանատիպ նյութեր