211652_close_icon
views-count1005 դիտում article-date 13:45 23-12-2019

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը գյուղոլորտի պատասխանատուների հետ ամփոփել է ընթացիկ ծրագրերի արդյունքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ստորաբաժանումների ղեկավարների հետ`գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացիկ արդյունքներն ամփոփելու և 2020 թվականին նախատեսվող նոր նախաձեռնությունները քննարկելու նպատակով: Հանդիպման սկզբում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը համառոտ անդրադարձել է 2019 թվականին մեկնարկածպետական օժանդակության ծրագրերին, որոնք միտված են ապահովել գյուղատնտեսական գործունեության բարձր արդյունավետություն և խթանել ագրարային ոլորտի հետագա զարգացումը: Նոր նախաձեռնությունների թվում փոխնախարարը հատկապես կարևորել է 2019-2023թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, 2019-2024թթ. տավարաբուծության զարգացման, փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման, փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրերը: Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀգյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությանը և գործողությունների պլանին,միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացիկ աշխատանքներին: Իր խոսքում նախարարի տեղակալը մատնանշել է նաև գործող մի շարք ծրագրերում իրականացված փոփոխությունները, որոնք կնպաստեն այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: Նախարարության կողմից մշակված և առաջիկայում նախատեսվող ծրագրերի թվում Ա․ Քամալյանը, մասնավորապես, նշել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրը, որն ուղղված է հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի ստեղծմանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակի, ինչպես նաևսննդամթերքի անվտանգության ապահովմանը: Ընդգծելով թիմային աշխատանքի կարևորությունը` փոխնախարարը վստահություն է հայտնել, որ նախարարության ստորաբաժանումների համատեղ ջանքերով և համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի գյուղատնտեսության ոլորտում հասնել ավելի բարձր արդյունքների:

Նմանատիպ նյութեր