211652_close_icon
views-count3771 դիտում article-date 14:24 18-12-2019

Կոնստանտին Օրբելյանը որպես դիրիժոր ելույթ կունենա Կամերային նվագախմբի հետ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը համերգ կնվիրի Հայաստանի վաստակավոր մանկավարժ, ջութակահար Պետրոս Հայկազյանի հիշատակին: Դեկտեմբեր 19-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք երեկոյին Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) ելույթ կունենա դիրիժոր, դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Երեկոյի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան Խաչատուր Ալմազյանը (ջութակ), Մաքսիմ Նովիկովը (ալտ) և Անուշ Նիկողոսյանը (ջութակ): Համերգային ծրագրում Վիվալդիի, Մասկանիի, Մենդելսոնի գործերն են: Տեղի կունենա նաև Լերա Աուերբախի Երկխոսություններ Ստաբատ մատերի շուրջ ջութակի, ալտի և նվագախմբի համար ստեղծագործության հայաստանյան պրեմիերան: Նշենք, որ ջութակահար Պետրոս Հայկազյանը ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Զորացրվելուց հետո ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ուսանելով պրոֆեսոր Կարպ Դոմբաևի դասարանում: 1950թ-ից մինչև կյանքի վերջին օրերը դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Եղել է դպրոցի ուսմասվար, իսկ 1967-2003թթ՝ տնօրենը: Նրա ղեկավարության օրոք Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը դարձել է Հայաստանի Հանրապետության առաջատար երաժշտական կրթօջախներից մեկը՝ ամրապնդելով իր կապերը Մոսկվայի, Թբիլիսիի և Խորհրդային Միության այլ քաղաքների երաժշտական դպրոցների հետ: Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի՝ իր ղեկավարած ջութակի դասարանում կրթել և դաստիարակել է տասնյակ ջութակահարների: Նրա աշակերտների թվում են այնպիսի ջութակահարներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, ինչպիսիք են՝ Վիկտոր Խաչատրյանը, Սերգեյ Խաչատրյանը, Բագրատ Վարդանյանը, Տիգրան Տողրամաջյանը, Անահիտ Կուրտիկյանը, Գևորգ Բուդաղյանը, Դավիթ Հարությունյանը, Տաթևիկ Խաչատրյանը, Աստղիկ Վարդանյանը, Մարտին Յավրյանը, Սյուզի Երիցյանը, Գևորգ Ղարաբեկյանը, Էմանուել Ճգնավորյանը, Տիգրան Հախումյանը, Անուշ Նիկողոսյանը, Դիանա Ադամյանը և ուրիշներ: 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2014թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի և Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի: Մահացել է Երևանում:

Նմանատիպ նյութեր