Չինաստանի արտգործնախարարությունը արձագանքել է Մեսութ Օզիլի խոսքերին
Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Գեն Շուանը պատասխանել է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի քննադատությանը:
Գերմանացի խաղացողը Չինաստանին դատապարտել էր ույգուրների նկատմամբ հալածանքների համար, որից հետո չինական հեռուստաալիքը չեղարկել էր «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման հեռարձակումը:
«Ես չգիտեմ, թե արդյոք պարոն Օզիլը անձամբ այցելել է Սինցզյան, սակայն, ինչպես երևում է, նրան ֆեյք նորություններով թյուրիմացության մեջ են գցել: Նրա դատողությունների վրա ազդել են կեղծ լուրերը:
Եթե պարոն Օզիլը նման հնարավորություն ունենա, ապա մենք ուրախ կլինենք նրան տեսնել Սինցզյանում, որպեսզի նա ամեն ինչ իր աչքերով տեսնի», ասել է չինացի դիվանագետը:
Ույգուրները Արևելյան Թուրքեստանի բնիկ ժողովուրդ են, դավանում են սուննի իսլամ: Չինաստանին մեղադրում են ույգուրների դեմ ռեպրեսիվ քաղաքականության և նրան կրոնական ու մշակութային իրավունքների սահմանափակման մեջ: Չինական Սինցզյան տարածաշրջանում բնակվում է մոտ 10 մլն ույգուր (բնակչության 45%-ը):