ՀՀ ԱԳՆ-ն արհեստածին է որակում ԼՂ կարգավորման գործընթացքում միջհամայնքային հանդիպումների հարցը
ՀՀ արտաքին գործների նախարարությունը արհեստածին է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանի այն առաջարկը, որ պետք է հանդիպումներ կազմակերպվեն «Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ»:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նշեց, որ Լեռնային Ղարաբաղը իր պատմության ընթացքում երբեք չի եղել երկհամայնքային միավոր:
«Անգամ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը եղել է հայկական ինքնավարություն: Չնայած Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությանը` փոխելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը` ի հաշիվ ադրբեջանցիների վերաբնակեցման, հայերը Լեռնային Ղարաբաղում կազմել են բացարձակ մեծամասնություն: Ուստի, միջհամայնքային հանդիպումների կամ թեմաների վերաբերյալ դատողությունները համարում ենք արհեստածին: Դրանք ունեն մեկ նպատակ` պայմանականություններ մտցնել Արցախի իշխանությունների` խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք կողմ դառնալու հարցին»,- ասաց Ա. Նաղդալյանը: