211652_close_icon
views-count1896 դիտում article-date 16:14 11-12-2019

«Նապոլին» չխնայեց Անչելոտիին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Գենկի» նկատմամբ «Նապոլիի» տարած հաղթանակից (4:0) րոպեներ անց իտալական ակումբը հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի պաշտոնանկության մասին: Ընդ որում, իտալական լրատվամիջոցները դեռ երկու օր առաջ հայտնել էին, որ Անչելոտին հեռացվելու է աշխատանքից՝ անկախ «Գենկի» հետ խաղի արդյունքից: Չնայած այն հանգամանքին, որ այդ հաղթանակի շնորհիվ «Նապոլին» դուրս եկավ փլեյ-օֆֆ, սակայն ակումբի ղեկավարությունը դժգոհ էր Ա սերիայում թիմի մրցելույթներից: 15 տուրից հետո Իտալիայի փոխչեմպիոնը ընթանում է ընդամենը 7-րդ տեղում՝ բավական ետ մնալով մրցանակային տեղերի համար պայքարից: Թիմը 9 անընդմեջ հանդիպում չէր հաղթել: Ամենայն հավանականությամբ, Անչելոտիին կփոխարինի «Միլանի» նախկին մարզիչ Ջեննարո Գատուզոն: Իսկ ահա ինքը՝ Անչելոտին, այժմ համարվում է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն:

Նմանատիպ նյութեր