211652_close_icon
views-count1727 դիտում article-date 11:06 11-12-2019

Երբ հայտարարության իմաստը խեղաթյուրվում է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե որևէ իշխանական կամ ընդդիմադիր գործիչ քննադատվում է իր արած հայտարարության համար, ապա, անկախ նրանից՝ ես համաձայն եմ այդ քննադատության հետ թե ոչ, կարող եմ արձանագրել՝ դա կարծիք է, որը գոյության իրավունք ունի: Բայց երբ հայտարարության իմաստը խեղաթյուրվում է (հաճախ միտումնավոր), ներկայացվում է որպես մեջբերում, և հետո այն սկսում են, մեղմ ասած, ոչ բարեխիղճ ոճով «քլնգել», դա արդեն այլ՝ ֆեյսբուքյան ենթամշակույթի դրսևորում է: (Բացառված չէ, որ մի տասը տարի հետո օրենսդիրները սկսեն պայքարել նաև այդ ենթամշակույթի դեմ): Վերջին օրինակներից մեկը. ներկայիս վարչապետը չի ասել, որ ինքն է որոշում Հայաստանի և Արցախի ապագան: ԱԺ բյուջետային քննարկումների եզրափակիչ ելույթը նա ավարտել է հետևյալ նախադասությամբ: «Այդ բանաձևը, որ ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուրը որդեգրի ինքն իր համար և բնականաբար ես էլ ինձ համար պետք է որդեգրեմ, հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ»: Իմաստը, կարծում եմ, միանշանակ է՝ Հայաստանի և Արցախի ճակատագիրը կախված է յուրաքանչյուր հայից: Բնականաբար, կարելի է դրա հետ համաձայն չլինել և մտածել, որ այդ ճակատագիրը որոշում են Պուտինը կամ Թրամփը, բայց նախ՝ պետք է ճշգրտորեն մեջբերում անել, և հետո միայն վիճել: Ի դեպ, Փաշինյանն արել է բազմաթիվ, իմ կարծիքով, սխալ, անզգույշ, զուտ էմոցիոնալ և պոպուլիստական հայտարարություններ, բայց այս մեկն, ինձ թվում է, տվյալ շարքին չի պատկանում: Նույն տիպի խեղաթյուրումների է արժանացել պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը ծխողների մասին: Հակածխախոտային օրենքի քննարկման ժամանակ նա օգտագործել է «իզգոյ» բառը, որը կարելի է թարգմանել որպես «օտար», «մեկուսացված», ոչ թե «վտարանդի»: Մեր ծխող հայրենակիցները վիրավորվեցին՝ «էդ ո՞ւմ ասիր «իզգոյ», «իզգոյը դու ես»: Մինչդեռ այստեղ էլ է հայտարարության իմաստը միանշանակ. հանրային վայրում ծխող մարդը պետք է շատ մեծ հոգեբանական անհարմարավետություն զգա, պետք է հասկանա, որ նրա վարքը տգեղ է, անդաստիարակ, անհանդուրժելի, արտառոց, ինչպես, օրինակ, ներքնազգեստով փողոց դուրս գալը: Անձամբ ես նման անհանդուրժող մոտեցման հետ համաձայն եմ՝ չնայած նույն պատգամավորի բոլշևիկյան ոճի բազմաթիվ հայտարարություններ ինձ դուր չեն գալիս»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր