211652_close_icon
views-count1953 դիտում article-date 13:43 09-12-2019

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվում է ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Օրենքի նախագծով՝ ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում։ Սահմանափակումներ կլինեն հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։ Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային արտադրանքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ։ Օրենքների նախագծերի փաթեթում ընդգրկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ, մասնավորապես, մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 135.1, 135.2 հոդվածների, առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ՝ հիսունապատիկի չափով: Նույն արարքն այն պաշտոնատար անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված վարչական տույժի կրկնակի չափով: Օրենքով նախատեսված դեպքերում հաստատությունների կամ հիմնարկների, կամ վայրերի, կամ տարածքների տեսանելի հատվածներում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների բացակայությունն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթին կառավարությունը հավանություն է տվել սեպտեմբերի 12-ին: Նոյեմբերի 29-ին օրենքի նախագծին դրական եզրակացություն է տրվել ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:

Նմանատիպ նյութեր