211652_close_icon
views-count1243 դիտում article-date 15:20 29-11-2019

ԱԻՆ արհմիութենական կազմակերպությունը հաշվետու է իր անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱՍԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 28-ին կայացավ ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության ընտրական ժողովը, որի նպատակն էր ներկայացնել կազմակերպության երեք տարվա՝ 2017-2019 թվականների արհկոմի և վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, ի մի բերել կատարված աշխատանքները և նախանշել առաջիկա անելիքները: Ընտրական ժողովին մասնակցում էին ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը, նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը, գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը և արհմիության 115 պատվիրակ: Ընդունված կարգի համաձայն, քվեարկության միջոցով ժողովի նախագահ ընտրվեց Ա. Հակոբյանը, իսկ քարտուղար` Անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Վարդուհի Մարտիրոսյանը: Ըստ օրակարգի` ՀՀ ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության երեք տարվա կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը, ով մասնավորապես ասաց. «Մեր նախարարության համար նույնպես 2017-2019 թվականները եղան փոփոխություններով լի ժամանակաշրջան և որի պատճառով նաև որոշակի փոփոխությունների ենթարկվեց մեր նախարարության ընդհանուր հոգեբանական մթնոլորտը, որը, փառք Աստծո, վերջին իրադարձությունների ֆոնի վրա մտնում է օբյեկտիվ և բնականոն հունի մեջ: Այս տարիների ընթացքում մեր կատարած աշխատանքով մենք փորձել ենք նպաստել արտակարգ իրավիճակների նախարարությունում արհմիութենական ինստիտուտի կայացմանը, չնայած, ինչպես նշեցի, Հայաստանը դեռևս հեռու է այդ բնագավառում որևէ այլ երկրի հետ համեմատվելուց: Արհմիությունը սոցիալական ինստիտուտ է, և դրա լիարժեք գործունեության պարագայում մենք կլինենք կամայականություններից առավել պաշտպանված և կաշխատենք հետաքրքիր առօրյայով: Նշեմ, որ մեր աշխատանքներին անմիջական աջակցում և քաջալերում է նախարարության ղեկավարությունը` ի դեմս նախարար Ֆելիքս Ցոլակյանի և գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանի»: Օրակարգով նախատեսված էր նաև Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը: Զեկույցով հանդես եկավ և առավել մանրամասն ներկայացրեց արհկոմի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արմինե Մկոյանը, ըստ որի` 2017-2019 թվականներին արհկոմի ֆինանսական մուտքերը կազմել են վաթսուներեք միլիոն յոթանասուն երկու հազար դրամ. «Բոլոր ծախսերը կատարված են արհկոմի համապատասխան որոշումներով, հատկապես ֆինանսական աջակցությունների բաշխումը, և չկա մի դիմում, որ մերժված լինի արհկոմի կողմից, բացառությամբ այն դիմումների, որոնք տրվել են նույն մարդու կողմից ամեն տարի, և այդ մարդիկ մասնակցել են տարվա ընթացքում կազմակերպված միջոցառումներին»: Ելույթներով հանդես եկան տարբեր ստորաբաժանումներից պատվիրակներ՝ արտահայտելով իրենց գոհունակությունը, ազատ խոսեցին բացթողումների մասին, եղան առաջարկություններ: Կոնֆերանսի ավարտին, ընդունված կարգի համաձայն, քվեարկության միջոցով համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության երեք տարվա կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար, հաստատվեց արհկոմի և վերստուգիչ հանձնաժողովի կազմը, իսկ արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը վերընտրվեց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր