211652_close_icon
views-count1665 դիտում article-date 23:12 27-11-2019

ԱՄՆ-ն սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, մեծ նշանակություն տալով հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացմանը՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը: Փոխվարչապետը նաև նշել է, որ այս տարի տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության առաջին նիստը լուրջ քայլ էր երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար: Դեսպան Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին և մասնակցությանը տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Նա հավելել է, որ ԱՄՆ աջակցության այս տարվա 40% ավելացմամբ իրենք պատրաստ են օգնել այն ծրագրերի իրականացմանը, որոնք բխում են բարեփոխումների մասով Հայաստանի կառավարության սահմանած առաջնահերթություններից: Հանդիպման ընթացքում Դեբորա Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները քննարկել են նաև հանրային կառավարման բարեփոխումների, բարձր տեխնոլոգիաների, արդարադատության ոլորտներին վերաբերող համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադառնալով թվայնացման գործընթացներին՝ փոխվարչապետը նշել է, որ մոտ երեք տարվա ընթացքում նախատեսվում է պետության կողմից մատուցվող ծառայությունների ճնշող մեծամասնությունը թվայնացնել:

Նմանատիպ նյութեր