211652_close_icon
views-count1347 դիտում article-date 14:21 19-11-2019

Սեյրան Օհանյանի պաշտպանը ևս բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նոյեմբերի 19-ին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել: Քոչարյանի մյուս պաշտպանները ևս միացել էին միջնորդությանը: Մեղադրող կողմը, մինչ իրենց առարկությունները ներկայացնելը, դատարանից խնդրեց, որպեսզի առաջին հերթին տուժողի ներկայացուցիչները դիրքորոշում հայտնեն բացարկի միջնորդության վերաբերյալ: Սակայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ ինքը նույնպես ցանկանում է դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացնել՝ նշելով, որ դատախազ Պետրոսյանը թույլ է տվել պաշտպանական կողմի իրավունքի խախտումներ: 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նմանատիպ նյութեր